Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լղարիկ հորթին, որ աղավնիների աղմուկից վախեցած կանգնել, նայում էր եկողներին։

Մարչը տեղում մեխվեց։ Ոսկի հո՞րթ, կուռք... Սակայն հորթը շարժվեց դեպի դուռը և դռան մոտ բառաչեց այնպիսի ուրախությամբ, որ միայն հորթին է հատուկ։

Իզուր էր տեր Հուսիկը այս ու այն խաչքարի կամ քանդակի մասին մի բան պատմում և ամենը շաղկապում Գայանե կույսի անվան հետ։

- Այս քարով են անիրավները ջարդել խեղճին,- ասաց 10 տեր Հուսիկը, ցանկանալով միանգամից ցույց տալ և՛ ջերմեռանդ, և՛ գիտուն լինելը։ Եվ այդ բուռն ոգևորությունից այնպիսի մի քար ցույց տվեց տեր Հուսիկը, որ անհնար էր տեղից շարժել, թեկուզ ա՛յն ժամանակ։

Վանքի բակում շունը մի անգամ էլ հաչեց։ Կինը թոնթորաց, երբ տեսավ, որ հորթը բաց դռնով դուրս է եկել և կրծում է բակի կաղամբը։ Այդ ամենին անտարբեր Հովնաթան Մարչը անցավ բակի երկայնքով, նրանից պատշաճ հեռավորության վրա՝ Անթանոսյանն ու տեր Հուսիկ քահանան։

Երբ Մարչը թաշկինակով ճակատի քրտինքն էր սրբում և 20 քայլում փոշոտ ճամփով, նա իր մտքերի ծովումն էր, որպես անղեկ, անառագաստ նավ։ Լավ չէր զգում իրեն, նեղվում էր հով ու տաքից։ Եվ եթե փոշի էր բարձրանում նրա քայլերից, շիկացած մտքերն էլ պաղ գոլորշի էին արձակում, երբ այդ մտքերը թաղվում էին առտնին առօրյայի սառը ջրում։

Դուք սիրում եք մի սիրուն աղջիկ, որի մեջ թերի ոչինչ չեք տեսնում և որը ձեզ համար կատարյալ տիպ է, խտացրած գեղեցկություն, բարի սիրտ, մի խոսքով մարդկային բոլոր առաքինի բարեմասնությունների գումար։ Եվ հանկարծ հայտնվում է, որ աղջկա ատամները անմաքուր են, գարշահոտ կա 30 այն շրթունքների հետև, որոնց կարմիրը ձեզ համար և՛ վարդ էր, և՛ նռան կլեպ։

Այսպես էր և Հովնաթան Մարչը։ Մերթ տաք, մերթ հով։ Մերթ հերարձակ Գայանեն՝ ուլունքների շարանը պարանոցից կախ, մերթ չլղար հորթ, խոնավ, ճաքճքած պատեր, որբանոցի աղջիկ Սիրուշ...