Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսել իրենց մայրենի լեզվով։ Ես թիավարում էի և լսում․․․ Ես մինչև անգամ դանդաղ էի թիավարում, որովհետև շատ էի ուզում լսել նրանց խոսակցությունը։ Իսկ նրանք պատմում էին, որ պրուսացիք միացել են ռուսներին և ուրեմն լեհացիների բանը վատ կլինի, և որ իբրև թե պան Խլոպիցկին վիրավորվել է, բայց և մարշալ Դիբիլն է լավ կերել․․․ Եվ ասում էին, թե մի ուրիշ գեներալ է գալիս և որ Դիբիչին կանչել են Պետերբուրգ, գլուխը կտրելու, որովհետև նրա պատճառով շատ ժողովուրդ է փչացել։

10 Արդեն երևացին ձկնորսների հյուղակները և այն ավերակ հողմաղացը, որ այդպես էլ պիտի մնար մինչև ինքն իրեն փտեր։ Նրանք հանդիպեցին մի քանի նավակների, որոնք վերադառնում էին քաղաքից։

- Վասյա, Վասի՜լիյ...- և մեկը ձեռքով արեց։

- Սատանա, դև․․․ Առանց լակելու չի կարող, մռմռաց նավավարը։

Շուտով երևաց «ռուսական ծայրամասը»։

- Այ, մայրիկը..․ Տես,- և աղջիկը ձեռքը մեկնեց,- մա՜..․- Թույլ ձայնով կանչեց նա։

20 Մոտեցան ափին։

- Գուցե ձեզ տանեի մինչև քարե կամուրջը,- առաջարկեց նավավարը։

Մի կին գրկեց աղջկան և նավակից հանեց։ Արմենիերը ոտքը դրեց ցամաքին։ Մայրն աղջկա հետ գնաց դեպի գետնափոր տնակը։

Նավավարը նավակը քաշում էր ցամաքի վրա։

Արմենիերը դատարկեց բոլոր գրպանները և ամաչելով մոտեցավ նրան։

- Շատ եք վճարում, պարոն...

30 - Ավելին չունեմ, որ վճարեմ,- ապա արագ հեռացավ։

Արվարձանի ցեխոտ փողոցներով նա գնում էր գլուխը կախ։ Նույն ճանապարհով նա տուն էր վերադառնում։ Այլևս չկար լուսաբացի մշուշը։ Փողոցներում գորշ առօրյան էր․․․ Ահա այստեղ նա զգաց թարմ հացի հոտը։ Բաց դռնակի մոտով նա անտարբեր անցավ։ Նրա գլխում ուրիշ մտքեր էին...