Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Դժբախտաբար ճիշտ է։- Նրանք լռեցին։ Մոմն ուրախ վառվում էր։ Պահարանի ետևը մի մուկ սղոցում էր տախտակը։ Նա ևս լռեց, իր համար մի չարագուշակ բան զգալով ընդհատված ձայների մեջ։

- Այնուամենայնիվ, հարկավոր չէ հուսահատվել,- և պրոֆեսորն սկսեց քայլել մանր և համաչափ քայլերով, ձեռքերը մեջքին բռունցք արած։ Նա մոտեցավ պահարանին և դառնալով երիտասարդին հանդարտ և ինքնավստահ ասաց,- ճշմարտությունը մի օր կհաղթի... Մեզնից հետո ուրիշները կբարձրանան, 10 և նրանք կտեսնեն մեր հետքերը։ Իսկ մինչ այդ ես կարագացնեմ իմ գրքի լույս տեսնելը, և թող այն ժամանակ խոսեն, որքան կամենան:

Դիակոնուսը լուռ մտածում էր։ Ինչքան մտածում, այնքան նենգ և ստոր էր երևում այդ դավադրությունը։ Ո՞վ կազմակերպեց. Հովհաննես վարդապե՞տը, լուսարար Սիմեո՞նը, թե՞ այն կիսախելագար եպիսկոպոսը, որ կատաղի հայհոյանքով հարձակվեց նրա վրա, երբ ներս մտան վանքի բակը։ Հայհոյեց, բայց երբ վանքի դպիրը ծոցից հանեց այն սրվակը, որի մեջ արդեն հալվել էր Արարատի գագաթից վերցրած սառույցը, այդ 20 կիսախելագար վանականն առաջինը հարձակվեց նրա վրա և սրվակը խլելով, սկսեց ճակատին և ձեռքերին քսել այն ջուրը, որ բերել էին Նոյյան տապանի սառցադաշտից։ Հետո հարձակվեցին ուրիշ վանականներ՝ ճպռոտ և թարախոտ աչքերով, ինչ-որ անդամալույծ մուրացիկներ, այլանդակ մարմնով խենթեր, որոնք անտիրական շների նման թափառում էին վանքի բակում և շուտով բորբոսնած կիսամերկ և զարհուրելի մարմինների մի գունդ խլրտում էր ահռելի գոռում-գոչյունով, կարծես թպրտում էր մի վիթխարի մորմ, որի մարմնի վրա վխտում էին նրա անթիվ ձագերը։

30 Վանքի երբեմնի դպիրը մոռացել էր այդ և այդպիսի դառնություններ։ Նրա հիշողության մեջ պարզվել էր պղտոր դիրտը, և ինչպես քարից ընկնող կաթիլներ, մաքրվել էր հինը ժամանակի ընթացքում, և նա հիշում էր վանքի չինարիները, որից այն կողմ անեզր դաշտն էր՝ Բարդողյան լեռները, դեպի արևմուտք՝ մի այնպիսի հարթավայր, որ նման էր ծովի, և որի մեջ ընկղմում էր արևը։ Նրա աչքերի առաջ հառնում