Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր վանքը՝ դարմանի և ցորենի շեղջակույտերով, նախիրներով, որոնց բառաչը խլացնում էր երեկոյան զանգահարությունը, և այդ ժամանակ վարժատան սաներն ու խցի մոնթերը վազում էին դեպի գոմերը, որպեսզի մածնատան պառավներից խնդրեն մի-մի քրեղան թարմ կաթ։ Նա հիշում էր զրույցներն այն թափառական գզրարների, որոնք ձմեռներն ապրում էին ճգնավորի անմարդաբնակ խուցերում, գզում էին բուրդ և բամբակ, և միալար աղմուկի մեջ գզրարը պատմում էր երգելով և երգի հետ ալիք-ալիք դիզվում էր բամբակը...

10 Նրա աչքերն արցունքով լցվեցին. նա սեղմեց շրթունքները և ջանաց, որ արցունքները սառչեն և չթափվեն։ Ձախ այտի մկանները խաղացին։

Մի քիչ հեռու կանգնել էր պրոֆեսորը և ինչ-որ բան էր մտածում, գուցե և աննպատակ նայում էր դարակի գրքերին։ Հանկարծ երիտասարդը գրկեց նրա երկու ձեռքը, և նրա ձայնը դողաց.

- Ես խնդրում եմ ներեք իմ հայրենակիցներին... Այս գործի մեջ խառն է մեկի չար ձեռքը, և իմ հայրենակիցները իրենք էլ չեն իմացել թե ինչ են արել։ Իսկ ես գիտեմ, թե 20 ինչքան են ծեծել այն խեղճ գյուղացիներին, մինչև նրանց ստիպել են հետ առնել առաջին երդումը... Բայց ե՜ս եմ վկան, ե′ս,- և նա ուժգին զարկեց կրծքին։ Նրա ջինջ աչքերի մեջ արցունքի շղարշի միջից ցոլանում էր անխարդախ կիրքը,- պատվո խոսք եմ տալիս և երդվում եմ իմ կյանքով...

- Ես քանի անգամ խնդրել եմ, որ այդպիսի բառեր չասեք,- ընդհատեց պրոֆեսորն այն տոնով, որով նրան սովորեցնում էր պարզ հնչել բառերը, բարձրաձայն ընթերցել, արտահայտությունների մեջ զուսպ լինել, չերդվել ո՜չ Աստծո անվամբ և ո՜չ ազնիվ խոսքով, այլ ասել միայն ճշմարիտը,- մի 30 խոսքով դաստիարակի այն սառն եղանակով, որով գերմանացի պրոֆեսորն անխնա մկրատում էր արևելցու հախուռն բնավորությունը, համարելով այն հետևանք ասիական խավար միջավայրի։ Դիակոնուսն ուրիշ ժամանակ դպրոցականի նման կուղղեր իր սխալը, բայց այս անգամ նա ազատ արձակեց սանձերը.