Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ես կապացուցեմ, որ մենք բարձրացել ենք գագաթը, որ նրանք անազնիվ ստախոսներ են... Եվ ես կիմանամ, թե ո՞վ է ստիպել գյուղացիներին ուրանալ իրենց երդումը... Միայն խնդրում եմ ներեք նրանց, իմ խեղճ, իմ անբան հայրենակիցներին...

Եվ զսպված արցունքները ցայտեցին։ Նա հեկեկաց, ինչպես երեխան, որ լսում է մոր հանդիմանությունը, բայց հանկարծ բաց է ընկնում մի ջիղ, մի մկան, ամեն ինչ խառնվում է և այլևս չի կարողանում արցունքները պահել...

2

Նա վերադարձավ յուր սենյակը... Փորձեց դասերը պատրաստել և չկարողացավ։ Ապա վերցրեց մատիտը, որպեսզի շարունակի գծագրել այն քարտեզը, որի վրա նա աշխատում էր մեծ եռանդով, միտ դնելով իր գծած հայերեն առաջին քարտեզը («աշխարհացույցը»- ինչպես ծաղկանկարել էր արդեն), որ նվիրել էր բարերարին՝ Ֆրիդրիխ Պարրոտին,- բայց աչքն ընկավ այն վանդակին, որտեղ պիտի գծագրեր Մասիսները, և մատիտը մի կողմ դրեց։ Նա ընդոստ թռավ տեղից և գնաց դեպի անկյունը։

20 Այնտեղ «մյուջրին» էր, գույնզգույն թիթեղներով զարդարված սնդուկը, որ Միրզամի հետ միասին գնել էին Երևանի Չարսու բազարում։ Կողպեքի լեզվակը մի քանի անգամ զրնգաց տխուր և երկար ելևէջով, ինչպես թառի սիմը։ Մյուջրին բացվեց և բարձրացավ մի հնամենի բույր։ Այդ սնդուկի մեջ էր այն ամենը, ինչ նրան մնացել էր իբրև հիշատակ հեռու հայրենիքից, քաթանե մի շապիկ, որ ուներ մոխրաջրի և աթարի ծխահոտ, մի զույգ ջորաբ, որ պաշարի հետ դրել էր հորաքույրը՝ Օսան խաթունը, մի քանի գրքեր, որոնցից խոնավության և խունկի հոտ էր գալիս, ճրագուի մոմեր, 30 խունկ, որ հետն առել էր օտար աշխարհում ծխելու, երբ բոլորեին հայրենի տոները։ Կարմիր աղլուխի մեջ փաթաթված էր ուրարը, սարկավագի ջիբրուն և սաղրի քոշերը, որոնցով տնից ճանապարհ էր ընկել։