Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք ջուրը, իբրև կենարար դեղ, բաշխում էին մինչև վերջին կաթիլը։ Կանաչ էին միայն հին բարդիները և չինարները, որոնք անտերությունից ավելի փարթամացել և վայրենացել էին, երբեմնի մշակված պարտեզները դարձնելով մութ անտառ։

Անմարդաձայն փողոցներով իջնում էր Հարություն Աբովը` լեզգիների աշխարհի եկած առասպելական Աբով պապի ժառանգը, որին ազգականներն անհայտ է ինչու անվանում էին «Միրզա ամի» կամ «Միրզամ»։ Նա ավագն էր Աբովների հին տոհմի։

Քաղաք գալու առթիվ նա հագել էր տոնական իր միակ 10 զգեստը՝ Քիրմանի շալե չուխան։ Բուխարա սրածայր գլխարկն ավելի էր բարձրացնում նրա հասակը, իսկ մեջքի արծաթ գոտին երևացնում էր ճկուն մարմինը։ Նրա հուշիկ քայլերից զրնգում էին գոտուց կախ հրահանը և հովվական մեծ դանակը։

«Միրզամի» ողջ արտաքինի վրա ևս երևում էին խանության հետքերը։ Կարծես ամեն ինչ, նույնիսկ գոտու զրնգոցը, վկայում էր, որ երբեմնի թարխանը այլևս չի հագնելու նոր զգեստ։ Այն, ինչ վրան էր, պիտի մաշվեր տիրոջ հետ և այդ մաշված շորերի մեջ տերը պիտի գերեզման իջներ։ Այդ էին ասում գդակի մաշված մորթին, ղալամքյար արխալուղի 20 կտրտված թելերը և մանավանդ չուխայի խունացած կուրծքը, որ ծերունին ծածկել էր նույն չուխայի փեշով։ Ամենից նոր նրա ծաղկանկար գուլպաներն էին՝ զարմանալի նախշերով։ Մանր քառակուսիների մեջ գունավոր թելերով սպիտակի վրա վարպետուհին գործել էր վարդեր ու գույնզգույն նարգիզներ։ Կային և հեքիաթային կենդանիներ, թռչուններ և զանազան նշաններ, որոնցից յուրաքանչյուրը երբեմն ունեցել է իր իմաստը։ Գուլպաների եզերքին սև թելերով ծուռ ու մուռ ձգվում էր մի բարակ գիծ, որ կտրատվում էր և մանր կետերի հետ միասին նմանվում արաբական գրերի։ Կարծես «Միրզամը» 30 մեծ մանուկ էր, որին մայրը հագցրել էր այդ «նորափեսայի» գուլպաները և ահա նա մոլորված գնում էր խուլ փողոցներով, և այդ փողոցներում փնտրում էր մի սիրելի դուռ։

Հետզհետե մեղմանում էին նրա խղճի խայթերը, Մայրանի հետ կապված այն ներքին վրդովանքը, որ ինչպես ամոթ այրում էր նրա դեմքը։ Այն ձմեռ Եղսանը՝ Մայրանի մայրը,