Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի թիվս ուրիշ բարեկամների, խնդրել էր նաև Միրզամի խորհուրդը՝ Մայրանի ամուսնության մասին։ Եվ Միրզամը չէր հակառակել։ Նա նույնիսկ վկայել էր, որ փեսացուն՝ Նիկողայոսը կայքով մարդ է։ Իսկ հարսանիքին, ինչպես հայտնի է գործից, «վասն հացակերության» ներկա էր եղել նաև Հարություն Աբովը։ Սակայն Միրզամը գիտակցում էր և մի ուրիշ հանցանք, որ նրան խարազանում էր առաջինից ավելի անխնա։ Նա գնում էր իր մտերիմ մարդու մոտ, մի մարդու, որին ծերունի Միրզամը սիրում էր ավելի, քան հարազատ 10 որդուն։ Միրզամը պարծենում էր նրանով, այդ երբեմնի չար տղայով, որին քանի անգամ ուսերի վրա Ապրանքափոսի բաղից տարել է տուն։ Այդ սիրելի մարդը դեռ երիտասարդ ժամանակ ամբողջ հոգով հակառակ էր Մայրանի ամուսնության։ Նա Միրզամին սպառնացել էր գլուխն առնել և այլևս չվերադառնալ Քանաքեռ, եթե մանկահաս աղջկանը («քյորփա բեխուն») ստիպեին հարս գնալ։ Միրզամը չէր լսել նրա աղերսը և սպառնալիքը, նրան ևս համարելով դեռահաս տղա, որ դեռ չի ճաշակել դառն կարիքը։ Եվ ահա կյանքը հաստատեց, որ ճշմարիտ էր ոչ թե ինքը՝ հազար չար ու բարի 20 տեսած ալեհեր մարդը, այլ այն սիրելի տղան, որի անփորձությունն ինքը ծաղրում էր։

Առաջին հանցանքի գիտակցությունը Միրզամը մեղմացնում էր շվաք անելով անպաշտպան որբի վրա։ Անարգանքի թունավոր ծովում Մայրանի համար նրա տունը միակ կղզին էր։ Միրզամը համառությամբ հետամուտ էր Մայրանի «գործին», կարծես իր խղճի վրայից սեփական մատներով քերում էր արյունոտ կեղտը։ Նա այդպիսով զգում էր հոգու թեթևություն, սակայն ոչ մի կերպ չէր դիմանում իր հարազատ մարդու հանդիմանող հայացքին։

30 Միրզամն ահա գնում էր այդ մարդուն պատմելու հոգևոր ատյանի վճիռը։ Նրան մերթ թվում էր, որ այն մարդը գոհ է լինելու վճռից, մերթ կասկածում էր՝ հիշելով վճռի վերջին բառերը.

- Ի վճռահատ զննություն Սյունհոդոսին էջմիածնի...

Կարծես այդ բառերը գալիս էին գետնի մթին խորքերից, որտեղ հավերժական խավարն է և մեռելների երկիրը։