Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուխտից, մի գիշեր հյուր էին մնում այդ տանը։ Ամեն տարի նույնն էր ու թեև ուղղափառ մուսուլմանները նզովում էին այդ բարեկամությունը, սեյիդ էհսանը շարունակում էր այն, յուրաքանչյուր տարի Միրզամի հորը պարգևելով նոր խալաթներ և նրանից ստանալով նույնքան և ավելի արժեքավոր ընծաներ։ Սեյիդն ուներ մի աղջիկ, անունը Ֆաթմա։ Աշուղի երգը նրան անվանում է «դրախտային հավ և դաշտի շուշան»։ Միրզամն աղոտ հիշում էր աղջկա նշաձև աչքերը և սպիտակ ատամները, որոնք լույս էին տալիս թուխ երեսին։ Եվ ահա տեղի է ունենում մի սովորական դեպք, որով այնքան հարուստ էր սարդարների Արևելքը։ Քոռ-Հուսեյն խանը փախցնում է Ֆաթմային։ Սեյիդ էհսանը հնար չի գտնում հարեմից ազատելու Ֆաթմային։ Գալիս է մի դերվիշ և սեյիդին սովորեցնում հմայելու գաղտնիքը։ Նրանք երկուսով դուրս են գալիս դաշտը, ուր կանայք խմբերով չանաքում էին բամբակը։ Կախարդությամբ և, ով գիտե, ինչ կերպ դերվիշը կանանց աչքերի առաջ («առ աչոք տեսիլ», ինչպես նույն մարդու մասին գրել է ժամանակակից մի գրիչ) երևացնում է պղտոր գետ․․․ Կանայք բարձրացնում են փեշերը և սրունքները մերկ քայլում, 20 իբրև թե անցնում են պղտոր ջրով։ Քաղաքում իրար են խառնվում, և ամբոխը վազում է տեսնելու հրաշքը։

Մյուս օրը այդ անմեկնելի և խորհրդավոր ուժը դուրս է հանում սարդարի կանանց Ջավահիր ամարաթի ներսից ելնում են չքնաղ վրացուհիներ, խափշիկ կանայք, հայուհիներ՝ ցորնագույն մորթով, Լազստանից գերի առած աղջիկներ, չերքեզ կանայք և պարսիկ գեղեցկուհիներ, - մի խոսքով Քոռ-Հուսեյն սարդարի ամբողջ հարեմը։ Սեյիդ էհսանը սրունքները մերկ կանանց մեջ ճանաչում է իր աղջկանը և վազում է դեպի ամարաթի դուռը։ Բերդի պահակները հազիվ են փակում 30 դարպասները, որպեսզի անդիմադրելի այդ զորությունը չխայտառակի սարդարին։

Դերվիշը նույն գիշերը փախչում է քաղաքից։ Սեյիդ էհսանին կուրացնում և քշում են Ղազվին։ Ասում են, որ դեռ շատ տարիներ ապրել է կույր սեյիդը։ Նա դուրս է գալիս Ղադվինից և նստում հյուսիսից եկող ճանապարհի եզրին։ Երբ գալիս էր քարավանը, նա ողջունում էր քարավանի