Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախաձեռնության ոգուց։ Այդ առաքինությունից մասամբ օժտված են հայ վաճառականները, բայց բնությունը միաժամանակ նրանց այնքան թերություններ է ընծայել, որ ընդհանուր առմամբ նրանք ավելի վատթար են, քան պարսիկները։ Հայերը ծածկամիտ են, ձևանում են թշվառ, որպեսզի իրենց գանձերը փրկեն իշխանության արթուն աչքից։ Նրանք ինձ հիշեցնում են այն միայնակ ծառը, որ բուսել է անտառի եզրին, և որին առավել զայրությամբ խփում է հողմը և չար կայծակը, որին կրծում են որդերը և բզեզները, և որը ենթակա է անտառի 10 եզրով անցնող անասունների հարձակման։ Բայց և այնպես նա մնում է, թեև անպտուղ և առանց նոր ընձյուղների»։

Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգների և դրախտային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում։ Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տարի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար։ Նա գրում է և շատ միամիտ բաներ․ նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անցնում էին ուղտերը, ձիերը և մարդիկ, Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ 20 ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության։ Նա այդպես էլ չի համոզվում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ փռել արևի և անձրևի տակ, որպեսզի ավելի պայծառանան գույները։ Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար, և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը։

Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին։ Ու թեև անցել էր մի 30 դար, այնուամենայնիվ, մնում էին այդ անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար։ Քառասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից։ Ճշմարիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները