Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի Սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին` հավասար լայնությամբ, տները միանման կամերներ` մեծ ու փոքր, երկու-երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին` նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին` ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, 10 տունն էր, մի կամ երկու միանման հարկ,- իսկ մնացածը` պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում` ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա։

Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան` ռուսաց շկոլ և մի հայոց դպրոց։ Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում,- մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը․ գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի 20 ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր։ Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանգրոն, որը նաև ոսկերիչ էր և սրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները։ Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին տիկին Օլինկայի խմիչք, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերն էր սուրճ խմում։ Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին։ Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու պատրաստի 30 հագուստեղեն վաճառելու։ Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել էր Շոր աղբյուրի քարը և ասել էր. «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան՝ առանց ծխնելույզի, և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը: