Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ «Սասուն» տպարանը, որտեղ տպում էին հարսանյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին,- ոչ այդ ամենը և նույնիսկ տիկին Օլինկայի Հայ կանանց միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքյանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը։ Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական 10 Կյորեսը և նրա միջնաբերդը՝ հին Շենը։

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը, և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար, այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները», որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օբի՝ շորերը գզգզված, աղքատ, արքա՝ օրավարձ մշակների, 20 ջրկիրերի, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել իրենց աղաղակներով խլացնելով բերդ մեջ մեռնողների կանչերը։

Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակվում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, 30 քարերով քշում էին դեպի քաղաքը,- բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում-գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզիկով Իսակին՝ հանդերձ ընտանյոք, նավթավաճառ Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավադիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։