Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ,- նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան, և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,- նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,- Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր 10 այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն է... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր։ Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը, հողը հողագործի ձեռքից գնում էր, և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, 20 որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բուռ ձյուն խարույկի մոտ։

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,- որին անվանում էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,- Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի 30 մորթիների մի շալակ տանում է Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ՝ գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։