Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և քարի գլխից նայում էր աղբյուրի կանանց, որոնք բարձրացնում էին կուժը և օրորվելով գնում, ոտքերը մերկ մտնում էին ջուրը և թևերը քաշած ցորեն էին լվանում։ Ասում են քարի գլխից Ցուլ Օհանը տեսնելով աղբյուրի կանանց, հիշում էր նրանց մայրերին և ոմանց անունը շշնջում էր[1]։

Ահա ետ մնաց և վերջին ջրաղացը, նրա հետ և այն ամենը, ինչ մնացել է Ղաթրինի Աղալոյի և ավելի վաղ ժամանակներից։ Այստեղից սկսվում է քաղաքը։ Առաջինը՝ հենց քարափի գլխին, նավթի պահեստն է։ Չորս-հինգ գյուղացի երեխաներ, 10 շշերը մատներից կախած կանգնել են։ Նրանք մի քանի անգամ համրել են իրենց սև փողը, ստուգել են խցանը՝ կարոտաֆիլից կամ մասուրի փայտից,- բայց դարձյալ սպասում են, որովհետև նավթավաճառ Գեորգին նարդի է խաղում Բալասան Կևեր բեյի հետ.

- Սե-բիր Սիբիրստա՜ն, Գեորգի Մինայիչ... Զա′ռ, դուբարա, քարերը թուփ արա։

Իսկ նավթավաճառը միայն կրկնում է․

- Զառ, քեզ տեսնեմ, զառ,- և զառերը «դուշեշ» չեն բերում։ Երեխաներն սպասում են և դեռ կսպասեն այնքան, մինչև 20 խաղից կշտանա Բալասան Կևեր բեյը, և կամ երևա մի հաճախորդ, որ նավթ է գնելու բեդոնով...

Նավթի պահեստից մինչև Նազար բեյի տունը հին շուկան է, շուկայի այն մասը, որ վաղ ժամանակ միակ շուկան էր, բայց արդեն դարձել էր իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն։ Հին շուկայում մեծ մասամբ բնիկ կյորեսեցիներ էին, որոնց Գորիս քաղաքի իսկական շուկան քշում էր դեպի Շենը և վաղ թե ուշ նրանք պետք է կամ օտարություն գնային, կամ ետ վերադառնային հայրենի տունը ձորերի մեջ։ Ներկարարներ, համետ կարողներ, 30 սաղրի չմուշկի վարպետներ, հնակարկատներ, դարբիններ, որոնք զոդում էին խոփը, բայց անիվ չէին կապում,

  1. Ղաթրինի ձորից հյուսիս, երրորդ ձորում, որտեղ մնում են անհայտ գյուղի քարայրները և կոտրած վանքը, դեռ մնում է Ցուլ Օհանի ցից քարը, որին անվանում են Ցուլաքար։ Մի ժամանակ չբեր կանայք ուխտ էին գնում, և ինչպես ոմանք վկայել են, Ցուլաքարը դեռ զորավոր էր, ինչպես ինքը՝ առասպելական Ցուլ Օհանը