Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև շինականները՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք և ձորկեցիները սայլ չունեին,- փափախ կարողներ, որոնց փափախ էին կարում ոչ թե բուխարայի, այլ գառան հասարակ մորթուց («մոթալ փափախ»), եզան, էշի, ձիու և ջորու պայտարներ, որոնք գիտեին ձիու մաշված նալը հարմարեցնել էշի մանր ոտքին,-երկու վարսավիր՝ Դալլաք Բոզին և Քթևան Ասրին, որոնք մանգաղի նման ածելիներով թրաշում էին շինականներին, տզրուկ էին պահում և աշնանը՝ կալի ժամանակ իբրև մուրացկաններ շրջում էին տնե-տուն, հավաքելով ամբողջ տարվա վարձը,- և այլ այսպիսի վարպետներ զարդարում էին 10 հին շուկան։ Միակ ճոթվաճառը Մանգասար դային էր... Նրա խանութի նման երկրորդը չկար ամբողջ Գորիսում, և կարծես Մանգասար դային խանութն այդպես պահել էր, որպեսզի ցույց տա, թե ինչպես էին ճոթի խանութները Աղա Մամմադ խանի ժամանակ։ Կամարակապ թաղբանդի հատակը ծածկված էր գորգերով։ Գունագեղ կտորները դարսված էին իրար վրա՝ մինչև առաստաղը։ Ինքը՝ Մանգասար դային, նստում էր գորգի վրա' մի ծունկը ցցած... Գալիս էր մի մուշտարի, նստում էր նրա կողքին, և նրանք զրուցում էին։ Ապա մուշտարին 20 հարցնում էր ղանավուզ արխալուղացուի գինը։ Մանգասար դային չէր շտապում.

- Կտամ է՜, կտամ տանես... Վերջին թոփն է, տար հագի։

Մանգասար դային որ մեռնի, էլ պրծավ ղանավուզը, թռա՜վ թիրմահին,- և զրույցը շարունակում էին։

Այդ հին շուկայում կային և մի քանի խանութներ, որոնք ցուցանակ ունեին, ինչպես իսկական շուկայի խանութները, բայց ներսը դարակները դատարկ էին, եթե չհաշվենք ճրագի յոթանոց ապակիները ծղոտների մեջ, ղազանավուզը, մի երկու կապ պարան և այդ ամենը թանձր փոշու մեջ, որ նշան էր, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել։ 30 Բայց խանութները ցուցանակ ունեին. նրանցից մեկի վրա ռուսերեն գրված էր'«Մանրուքի խանութ թեյ շաքար Ակոբ Ապրինցև» և ինքը Ափունց Ակու ամին առավոտ կանուխ խանութը բաց էր անում, ինչպես մյուսները, բարի լույս էր տալիս հարևաններին և անցնում դախլի գլուխը, ինչպես մյուս խանութպանները։