Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ափունց Ակու ամին վաղուց էր մոռացել ղազանի սապոնի և ճրագի յոթանոց ապակիների առքի գինը։ Նա ապրում էր այն նամակներով և ծանրոցներով, որ օտարության տեղից հայրենիք էին ուղարկում ձորկեցիները: Յուրաքանչյուր փոստի Ակու ամին իր դրացուն խնդրում էր «աչքը խանութի վրա պահել», ինչպես առաջ, երբ Ակու ամին գնում էր խոջա Բաղիրի մաղազայում մաղանդա իմանալու... Ակու ամին գնում էր փոստը և ստանում նամակների և դրամական ծանուցագրերի մի կապ, ապա վերադառնում էր խանութը և աչքի էր անցկացնում 10 հասցեները.-«Գորիս քաղաք մանրուքի խանութ Ակոբ Ապինցևին» ռուսերեն և տակը ծրարի վրա, հայերեն՝ «Ակու դայի նամակս շուտ հասացնես մեր գյուղը իմ հայր Առաքել Գիչունցին» («Երևի խեղճի ականջով դիպել է Առաքելի մեռնելը»,- ասում էր Ակու ամին, վերցնելով մի ուրիշ ծրար»)։ «Նամակս հասնի ի ձեռն Վարղազարի Տերակուփին ի գյուղն Զորեկ» («Երեկ հենց Վարդազարն էստեղ էր․․․»)։ «Շատ բարևս կհիշեմ քեզ Ակու ամի» և ուրիշ ոչինչ,- բայց Ակու ամին ձեռագրից ճանաչում էր, որ գրողը որբևայրի Հերիքնազի փոքր տղան է։

20 Ակու ամին ստանում էր նամակները, դրամը, ծանրոցները։ Ձորկեցիները գալիս էին և առնում իրենց նամակները, դրամը և ծանրոցները։ Ակու ամին գիտեր, թե որ ձորկեցին է գրագետ։ Եվ նամակների մեծ մասն հենց այդտեղ էլ կարդում էր Ակու ամին միալար ձայնով և միայն, երբ դժբախտ լուր էր, նա ցամաք հազում էր և ակնոցների վրայից նայելով նամակատիրոջ գունաթափ երեսին, կարդում էր․ «որ իմանաս ապեր մեր Անդրեասի աջ կուռը մնաց չարխի տակ, և նա լազարեթում պառկած է․․․»։

- Էս լավ է, որ լազարեթում պառկած է,- ընդհատում էր 30 Ակու ամին, - ուրեմն փորձանքն անցել է, որ լազարեթում պառկած է,- և շարունակում էր ընթերցել. «Շատ բարև մեծ քեռակնոջ, Ավանին և երեխաներին և շատ բարևս նմանապես Ավետիսին, Ոսկանին և Ասար բիբուն ասա Կաքավ աղբյուրը դեռ միտս է և նաև բարի կամեցողաց․․․»։

-Ջա՜ն որդի,- ասում էր նամակատերը, անհայտ է նրա՞ համար, որ տղան դեռևս կարոտում է գյուղի Կաքավ աղբյուրը,