Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքի զարդն էր, ինչպես «Սասուն» ապարանը, լիմոնադի գործարանը, ինչպես Սպիտակ բանտը և ռուսաց եկեղեցին։ Այդպես էին քաղաքի հռչակավոր վաճառատները, ինչպես, օրինակ՝ Կիզիրինի մագազինը («նադեժդա»), ֆրանսիական ապրանքների մագազինը, «Դրուժբա» ընկերությունը, Ավագիմովների վաճառատունը և Պասաժը՝ նորագույն շուկան, ակնեղենի և գոհարեղենի խանութներով: Իրար 10 ետևից ձգվում էին հարյուրավոր խանութներ միայն ռուսական մանուֆակտուրայի, ապա գալիս էին մանրուքի խանութներ, այնպես ճոխ զարդարված, որ մինչև անգամ խանութի դռներից կախված էին ժանյակներ, մետաքս թել, գույնըզգույն երիզներ և ուլունքներ՝ այնքան առատ, որ խանութի դուռը չէր երևում։ Շատ խանութների առաջ, հենց հրապարակում դարսված էին ապրանքի հակերը, որովհետև խանութները լիքն էին, և լիքն էին պահեստները․.. Շուկայի բազմությունը խռնվում էր հարուստ խանութների առաջ, մոլորվում էին անցքերի լաբիրինթի մեջ, գնում էին հակերի կամարների տակ և հանկարծ դեմ էին առնում ավելի շքեղ խանութի։

20 Մի խանութի առաջ ռուսական ալյուրի քուրդեր են՝ այնքան բարձր, որ խանութից երևում է միայն գավառապետի դիվանի վերին հարկը։ Բուրգերի շուրջը խռնված մարդիկ մրջյունի մեծության և մրջյունի պես կրում են ալյուրը, որ թեև մի քիչ կծված է, բայց Ամբարի կատու Սողոմոնը, Ավագիմովների ավագ եղբայրը, երդվում է, որ ֆուրգոնները ջուրն են ընկել, և ալյուրը մի քիչ խոնավացել է, «թե չէ ալյուրն իսկական Տուբան է և սա մեռնի, եթե վնասով չեմ ծախում»․.. Ամբարի կատուն ասում է «սա մեռնի» և ձեռքը խփում է մսոտ այտին։ Նա երդվում է, ըստ սովորության, 30 ինչպես բոլոր վաճառականները, թեև կարող է չերդվել, որովհետև գիտի, որ Սիսիանի, Տաթևի և Գորիսի մահալներում արտերը խանձվել են, և հաց չկա։ Ամբարի կատուն այդ շատ լավ գիտե, ինչպես և լավ գիտե, որ յուրաքանչյուր փութի մեջ ունի երեսուն կոպեկ մաքուր շահ։ նրա գործակատարները կշռում են, վաճառում են, իսկ ինքը դախլի գլխին՝ առավոտից մինչև երեկո մատները խաղացնում է փողի մեջ։