Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանը։ Գորգերի վրա փափուկ աղմուկով փռում են կտորների հակերը, ապա մի թոփի ծայրից բռնելով ծաղկավոր շալը ծալ-ծալ նստում է, և գույները ծփում են։ Լսվում է մկրատի զնգոց․«Շնորհավոր լինի, բարով մաշես․․․»․ և ուրիշ անկյունից է լսվում խուլ աղմուկը, չթի կտորի ծաղիկները մարմանդ փայլում են, և նորից է ծփում գույների ծովը։

Ներսը կիսամութ է։ Արևի լույսը մինչև խորքը չի հասնում. խորքում կապույտ ցոլքով վառվում է մի ճրագ, որից ավելի խորունկ է թվում ճոթի մաղազան։ Այնտեղ ինչ-որ դռնակ 10 բացվում ու փակվում է։ Ձայներն իջնում են գետնի տակ, ձայները կորչում են և ապա նորից բարձրանում են խորքից։ Մաղազաների տակ խորունկ պահեստներ են, որտեղ գիշեր- ցերեկ մութ է։ Ի՜նչ գանձեր կան այնտեղ... Ահա հեռու անկյունից, որտեղ կապույտ ցոլքով վառվում է ճրագը, դեպի դուռն է գալիս գործակատարը, ուսին կտորների հակեր։ Հաճախորդներին այնպես է թվում, թե գետնի տակ մաղազայի չափ տասը մաղազա կա՝ խորունկ, շատ խորունկ, որտեղ զառ-ատլասները մթնում լույս են տալիս, ինչպես ոսկու շեղջեր։ 20 Զրընգ-զրընգ ոսկին և արծաթը և պղինձը կաթկթում են դրամարկղի մեջ, թղթադրամը խշխշում է, ինչպես ծաղկավոր չիթը։

- Դրեի չորս չարեք... իսկական Ցինդելի՝ արջանշան։ Սրանից լավ վերմակի երես կլինի։ Ուզո՞ւմ ես բութա-մախմուր տամ,- և բաց է անում թավիշը՝ կանաչ-ոսկեգույն, նշաձև պուտերով։ Մի այլ գործակատար ձեռքին խաղացնում է պարսկական թաշկինակների փունջը։ Ինչպես են խշխշում, ի՜նչ նախշ, ի՜նչ բույր։ Մի հաճախորդ, որ հարսանիք ունի, գնել է ինչ որ տանը պատվիրել են և դեռևս նայում է դարակներին՝ չի՞ մոռացել ոչինչ, իր պառավ մոր համար արդյոք 30 չգնի՞ այն սև շալը, թե մայրը հին շալը մինչև մահ հազիվ մաշի․․․

Գործակատարի աչքից վրիպում է նրա տարակուսանքը։ Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը, մաղազայի տերը, անվանի խոջա Մակիչը։ Նա բրդի նախշուն գուլպաներով է, ինչպես տանը, քայլում է՝ ասես ման է գալիս իր պարտեզում ։