Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի փոքրիկ շնիկ` կապույտ ժապավենով։ Ապերը զարմացած նայում էր շնիկին։

- Փառքդ շատ, աստված... Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է...- Շնիկն սկսում էր հոտոտել կանֆետի թղթերը` վազվզելով խանութում, ապա հաչում էր մի տղայի վրա, որ դրսից պատուհանով ո՞վ գիտի ինչու նայում էր խանութին։

-Պուշոկ, նե սմե′յ, Պուշոկ... Երեմ Նիկիտիչ, խավիարը հիանալի էր...

Խոջան զարմացած նայում էր տիկիններին․ նրանք 10 բուրում էին ինչպես խանութը, և նրանցից յուրաքանչյուրը մի ոսկեզառ կանֆետ էր։-«Երեմ Նիկիտիչ․․․» և խոջան ինքն իրեն մի քանի անգամ կրկնում էր․ «Ուրեմն խոջա Մակիչը, Մումուդումին Մկրտիչը դառավ Նիկիտ... Քեզ փա՜ռք աստված․․․»։ Եվ աթոռի վրա խոջան ննջում էր, ու նրան օրորում էին կանանց և յուր որդու կչկչան ձայները։

Այդպես էր Պասաժը, Գորիսի բուն շուկայի ոսկե զարդը։

Բայց և այնպես նա բուն շուկայի ճյուղն էր, ինչպես հին շուկան՝ ներկարարների, համետ կարողների և պայտարների գետնահարկ խանութներով հին շուկան արմատն էր, արդեն 20 զառամյալ արմատը, որ այնուամենայնիվ կապված էր բունի հետ։ Եվ այսպիսով, նավթի պահեստներից մինչև Մաթևոս բեյի տունը, այնտեղից դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին՝ մի ամբողջություն էր, մի ամբողջական շուկա, որ կենտրոնն էր Գորիս քաղաքի և կենտրոնն էր Զանգեզուր ընդարձակ գավառի՝ Սևանա լճից հարավ, մինչև Արաքս։

6

Բացվում է առավոտը:

Ձորերի մթնում հազիվ է նշմարվում Շենը։ Բարակ ծուխը խառնվել է գիշերվա մշուշին, և չեն երևում ոչ քարափոր 30 տները, ոչ Կյորեսի հին եկեղեցին, այլ միայն նշմարվում են ժայռերի կատարները մշուշի մեջ։ Իսկ քաղաքում արև է․․․ Տների թիթեղյա կտուրները ցոլցոլում են, գոյացնելով կաթնագույն լույսի ծով, որի մեջ, ինչպես դեղին յուղագունդ, լողում է ռուսաց եկեղեցու ոսկե գմբեթը։