Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայի մեծերից է և նրանից բարձր միայն երկու բեյ կա՝ այսինչը և այնինչը, իսկ մնացած բոլոր բեյերը նրանից քաշ են, նրանց կանայք՝ իրենից քաշ են, նրանց երեխաներն ի՞նչ են, որ խաղան իր երեխաների հետ։ Նրանք կարող են ունենալ գիլանառի մուրաբա, իսկ իրենք՝ սերկևիլի, նրանց սերվիզն արծաթից է, իրենցը՝ արծաթ ոսկեջրած,- մի խոսքով, մի աստիճան պիտի բարձր լինեին այն բեյերից, որոնցից աստիճանով բարձր էր տան տերը։

Այդպես էին այդ կանայք՝ բազմաթիվ երեխաների մայր, խոհանոցի տնօրեն, հյուրընկալուհի և դեռևս ինչքան պարտականություններ 10 ունեին նրանք...Ահա դիմաց-դիմաց պատուհանից խոսում են երկու այդպիսի տանտիրուհի.

- Վարսենիկ, էդ ինչո՞ւ ձեր լույսերը ամբողջ գիշեր վառվում էին... Հյուրերդ ուշ գնացին, հա՜..․

- Ի՜նչ ուշ, սհաթի տասներկուսին չարեք էր պակաս, որ գնացին... Աղջի տաք էր, տաք... Սիրտս ուզում էր ճաքի։

- Է, տաք ասում ես պրծնում...Գիշերը աչքերս չեմ փակել։ Դու դեռ լավ ես։ Ուզում եմ գնամ Շուշի. ասում են պրոֆեսոր Բահաթուրովը եկել է... ժենսկիյ հիվանդությունից 20 նա լավ է..․

- Բախտավոր ես... Ես էլ կգայի, եթե երեխան չլիներ...

Պատուհանները փակում են, և երկու սիրելի հարևանուհիները իրար հասցեի շշնջում են.

- Հողեմ գլուխդ, թե քո մարդը քեզ Շուշի կուղարկի... Դու երեխան մահանա բռնի։

- Էդ դեղնած կերպարանքիդ Բահաթուրովն էր պակաս...

Եվ միայն կարելի է զարմանալ, թե որքան խելոք էին այդ կանայք և ինչ եռանդի տեր էին, որ այդքան զբաղմունքից հետո դեռևս ժամանակ էին գտնում կտրելու փողոցը, որպեսզի փորձեն հարևանի մուրաբայի համը, այն մուրաբայի, որի եփելու 20 կերպը քաղաքներից բերել է Վարվառա Մինաևնան, տիկին Վառինկան, Վառի-բաջին, ինչպես նրան կանչում էր լվացարարուհի Մինան։ Նրանք ժամանակ էին գտնում վերջին մոդայի պելերինայի ձևսն ընդօրինակելու, նույնիսկ մտնում էին կանացի դերձակ Մացակի տունը, իբրև թե