Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուրացկանները սիրտ չէին անում նրանց բակը մտնել։ Նրանք շներ չէին, այլ շղթայած առյուծներ և վագրեր, ինչպես Խանլար բեյի Ջինդառ շունը, որ տիրոջ հետևից գնում էր գյուղերը հավ հավաքելու, այսինքն աչքին ընկած հավը կուլ էր տալիս և մնում էր անպատիժ, կարծես թագավորական խարջ հավաքող էր։ Հապա պրիստավ Աղալոյի Զանգի-Զրանգին. նրանց փողոցով անց ու դարձը դադարում էր, երբ լուր էր տարածվում, որ պրիստավ Աղալոն էլի մեղք է եկել շներին և նրանց արձակել է։ Վերջապես փաստ է, որ 1913 թվի 10 դեկտեմբերի 4-ին Գորիսի քաղաքային դուման քննության առավ շների հարցը, որովհետև Սիմոն բեյի Թոբուշը կծել էր Փոշտի Անտոնի քիթը՝ պարտականության կատարման, այսինքն նամակատարության ժամին։ Այդ առթիվ դումայում մեծ կռիվ ծագեց պրոգրեսիստների և հետադիմականների միջև, և միայն արհեստավորության դեպուտատ Չաքմաչի Վեսկանը, որ ոչ առաջադիմական էր և ոչ հետադիմական, այլ պադվալական էր (նա այդպես էր ասել Բարի աջողումի գինու նկուղում),- և միայն Չաքմաչի Վեսկանի առաջարկով դուման որոշեց դեղամահ անել քաղաքի անտիրական շներին (պարոն 20 Արշակի ասելով՝ այդ էլ ուներ իր բուն արմատը. շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը տակառի մեջ թրջոց դրած պադոշը)։

Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին իրենց տերերի բնավորության, իսկ մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին։ Օրինակ, Նազար բեյի շունը, երբ գյուղացին փափախով մտներ նրանց բակը, աղվեսահաչ էր տալիս արագ-արագ և սուր 30 ձայնով և ձայնը կտրում էր, երբ գյուղացին փափախը հանում էր։ Տեր զի բազումի Չամբարը ոռնում էր, երբ լսում էր ռուսաց եկեղեցու զանգերի ձայնը։ Զիլֆուղար բեյը (հայ) մի շուն ուներ, որ երբեք չէր հաչի, եթե նույնիսկ կես գիշերին գյուղացիները թափվեին նրանց բակը։ Բայց եթե նրանք գային առանց ոչխարի, առանց պանրի և յուղի, շունը քիչ էր մնում շղթան կտրեր, կարծես նա էր կաշառք հավաքում։