Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրեր անցան, հուլիսն իր հերթը զիջեց օգոստոսին, սակայն շոգը մնաց առաջվա պես սաստիկ։

Շոգը չէր, որ պիտի նեղեր Հովնաթան Մարչին և հետ կասեցներ նրան ծրագրած գործից։ Այն սիրտը, որ մսագունդ չէր, այլ հայրենիքի սիրով այրվող մոտոր, օր ու գիշեր բաբախում էր և փղշտական արյուն մղում երակներով։ Արյան կաթիլներն ուղեղին սնունդ էին տալիս՝ նորանոր ծրագիրներ հղանալու։

Մարչը տարվում էր անտառներում բսնող բոլոր վայրի տանձն ու խնձորը պատվաստելու Կալիֆորնիայից բերած ընտիր 10 տեսակներով և թղթի վրա շարում էր զրոներ, որոնք երկիրը պիտի դարձնեին խնձորենու ու տանձենու մի անծայր պարտեզ։

Եվ երբ նրա առաջարկի վրա ծիծաղում էին կամ մեկը, մի հասարակ պաշտոնյա, որի երակներում արյան տեղ հոսում է ավշանման պղտոր ջուր, երբ այդ մեկն ամենայն անտարբերությամբ հայտնում էր, որ չիք են և անիմաստ այն ամենը, ինչ Մարչի ուղեղն է հղանում,- Մարչը այնպիսի մռնչյուն էր հանում և աչքերն այնպես էր խոժոռում, որ դիմացինը սարսափահար պիտի լիներ, եթե պաշտոնյա չլիներ։

20 - Կզարմանամ սա մարդկանց ուղեղին վրա։ Երկիր մը ունին, որու նմանը չկա և չեն գիտնար երկրին համն ու հոտը:

Այսպես էր ասում Հովնաթան Մարչը բժիշկ Երանոսին (հիշո՞ւմ եք, ջրածտի պես ոստոստալ գիտեր), այն ժամանակ, երբ իրիկվան հովին քայլում էին փողոցի մայթերն աննպատակ մաշող բազմության հետ։ Բժիշկ Երանոսը պիտի թեքվեր, նրա ականջին կամացուկ փսփսար, որ ինքը ոչ միայն համամիտ է, այլ ավելին գիտե և ընկերաբար կարող է այդ ավելին միայն Հովնաթան Մարչի ազնիվ սրտին վստահել։ Ու կամացուկ պիտի հայտներ վերջին սենսացիան այն մասին, թե՝

30 - Հայկոոպը Առժողկոմի կարասները չի տալիս... Ահագին աղմուկ, իրարանցում։

Սենսացիայից հետո բժիշկ Երանոսը պիտի չքանար, Հովնաթան Մարչին մենակ թողներ և անպատճառ գտներ մի ուրիշին՝ կարասների պատմությունն անելու, այս անգամ իբրև