Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի պարտեզն էր ասպատակում,- նրանց խումբը, ինչպես վայրենիների ցեղ, շրթունքները բալի հյութից կարմրած, բոբիկ և ցնցոտիների մեջ, իսկ ոմանք առանց ցնցոտիների, այլ մի շապիկով,- և արևից սևացած մարմիններով այդ սևամորթներն, ինչպես վայրենիների ցեղ, դուրս էին թռչում պարտեզներից, մոշի թփերից, թրմփալով վայր էին ընկնում ծառերից և վազում էին դեպի գետը՝ ով ձեռքին արևածաղկի կոթ, ով բանջարանոցից պոկում էր մի ձող, որի վրա փաթաթվել էր լոբին, ով կտրում էր ուռենու ճյուղը, ով վազում և գոգը լցնում էր մանր քարերով, և նրանք թռնում էին՝ պատերի 10 վրայով, շամբուտների միջով, բոբիկ ոտքերով կոխելով և′ ավազ, և′ խոտ, և′ փուշ։ «Ուռռա′»... հնչում էր նրանցից մեկի ձայնը, և սևամորթները սլանում էին։ Սպիտակներն ահաբեկված իրենց գցում էին մյուս ափը, ոմանք շորերն առած փախչում էին հեռու, ոմանք քարերի ետև դիրք մտած՝ փորձում էին ընդդիմանալ հեղեղին, որ գալիս էր աղմուկ֊ աղաղակով...

Նրանց բաժանում էր գետը, բայց հաճախ Հին ճանապարհի տղաները գետին չէին նայում, և շոր չէին հանում, այլ շորով իրենց գցում էին ջուրը և լողում էին՝ ջրի մեջ բարձր 20 բռնած ուռենու ճյուղը և արևածաղկի ցողունը, որով մյուս ափին նրանք պիտի ծեծեին։

Երբեմն կռիվը բորբոքվում էր, անցնում էին ձեռնամարտի կամ խլում էին նրանցից մեկի գոտին, մյուսի գլխարկը կամ գերի էին վերցնում մի սպիտակ գիմնազիստի, որ վախից թարս էր հագել շապիկը և չգիտեր ո՞ւր է կոշիկի մեկը։ Սպիտակը լալիս էր, կանչում էր մամա... Իսկ Հին ճանապարհի տղաները խոսում էին, թե ինչո՞վ ծեծեն նրա բաց մսերը՝ եղինջի թփո՞վ, թե՞ եգիպտացորենով։ Սակայն պատահում էր, որ նրանցից մեկը մեղքանո՞ւմ էր, թե՞ հիշում էր 30 իր մորը, որ այդ գիմնազիստի հոր տան լվացարարուհին էր կամ նրանց վաղեմի հացթուխն էր։ Եվ նա երեսը շրջելով ասում էր.

- Թողեք կորչի գնա... - և նրանք թողնում էին, որ գերին արցունքը սրբելով շորերը հագնի։