Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղաների հետ միացած կռվում էին բուլկի ուտողների դեմ, շարունակելով հին կռիվը, որ գալիս էր Ղաթրինի Աղաչոյի առասպելական ժամանակներից։

Այդ հին փողոցում հին էին այն մի բանի տները, որոնց մասին դժվար է ասել, թե ինչպես էին ապրում, բայց խոսք պիտի ասել, որովհետև նրանք ըստ ամենայնի հետաքրքիր մարդիկ էին, նրանք հին կյորեսեցիներ էին և իրենց գործերով անուն էին հանել, ինչպես Զիլֆուզար բեյը՝ կաշառակերությամբ, Պավլի բեյը՝ «Մշակ» կարդալով, Քյալլա Ծատուրը՝ ձեռագիր շարադրություններով, լիմոնադի գործարանի տերը՝ 10 Շոր աղբյուրի ջրով և այլն։

Հին ճանապարհի այդ բնակիչները ո′չ արհեստավոր էին, ո′չ վաճառական և ո′չ բեյ։ Նրանք երբեք մաճ չէին բռնել և ոչ էլ գիտեին իրենց պապեկան կալի տեղը։ Նրանք միայն լավ գիտեին Բարի Աջողումի գինետունը, որի առաջ մեծ ընկուզենին նրանց համար միշտ ստվեր ուներ, ինչպես Բարի Աջողումը՝ գինի։ Նրանք լավ գիտեին գետը և գետափի պարտեզները, Կյորեսի բոլոր ձորերը հեռու և ահավոր, գիտեին անտառը, որ ինչպես մութ ճանապարհ սկսվում էր քաղաքի կողքից և անընդմեջ գնում էր մի օր, երկու օր, տասն օր գնում էր և անցնում 20 էր Արաքսը՝ ռուս-պարսկական սահմանը և այնտեղից էլ ով գիտե ուր էր գնում անտառն իր գաղտնի ճանապարհնեով։

Նրանք գինի խմողներ էին, նրանք անվանի մակարապետ էին, գլխավորն այն հրոսախմբի, որը երբ հարսանիքի գինին պակասում էր, բղավում էր՝ «մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում․..»։

Նրանց սննդատու մայրը գետն էր և անտառը։ Գարնանամուտին, երբ գետը պղտոր գալիս էր, հունը մինչև ափերը լի և պատահում էր, որ ափերից դուրս գալով գետը հեղեղում էր եզերքը, քանդում էր թույլ կամուրջները, արմատահան 30 պոկում էր ծառերը և խորքում քարեր գլորում այնպիսի դղրդոցով, որ թվում էր թե փլվում են լեռները,- այդ ահարկու ժամին, երբ Հին ճանապարհի բնակիչներն ահ ու դողով էին լսում գետի որոտը,- նրանք՝ աղ ու հացի եղբայրները, ջրերի մեջ որսում էին այն ձուկը, որ հարավից բարձրանում էր դեպի լեռնային աղբյուրները։