Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը․ մեկն ասում էր սանադ, մյուսը՝ վեկսել, մեկը դրամը թումանով էր հաշվում, մյուսը՝ ռուբլիներով, հայրը կտավը չափում էր գյազով, որին ասում էր խան արշին, իսկ որդին ռուսական կտավը չափում էր ռուսական արշինով։ Այդքան էր զանազան նրանց լեզուները, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու։

Ուրիշ էր Կյորեսի լեզուն, որով խոսում էին Հին ճանապարհի բնակիչները, հին շուկայի արհեստավորները, և խոսում 10 էին կամուրջից այն կողմը՝ Շենի բոլոր թաղերում, Ցաքուտ, Նորու և Ձորեկ գյուղերում,- այն լեզուն, որին տիկին Օլինկան անվանում էր շենավարի լեզու, ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին։

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը․․․ Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում, և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալանչները։ Հապա Դոլուն Կարին... Կռանում էր սառն 20 աղբյուրի վրա, կուշտ խմում և, ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ․․․ և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին... Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղրաքերծը կդրնգար։

Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ, այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը։

- Տիեյերի հացերը մրսել են,- կասեր Աթա ապերը, 30 չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ,- բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը։

- Հորա՜ է, հո՜րա,- և էլ ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարք, և ով կյորեսեցի էր, նա