Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծրարը, որ կտրել է նույն ճանապարհը և հասել Փոքր Ասիայի հեռավոր խորքը։

Երկրորդ նամակն ավելի թև տվավ Մարչին։ Գրողը ընկերն էր, Բարունակ ճիթեչյանը, Եթովպական մամուլ թերթի խմբագիրը։ Ինչքա՜ն են միասին ճակատամարտել և ի՜նչ օրեր են ապրել։ Նամակից ավելի լավ ազդեց նրա վրա իր նկարը և թերթում տպած հոդվածը, որ Բարունակն ուղարկել էր նամակի հետ։

Ահա նա, Հովնաթան Մարչը... Լայն ճակատ, մազերը խրնամքով սանրած գլուխ և աչքեր, որոնց մեջ եթե կայծակներ չէին փայլատակում, համենայն դեպս հանգած մոխիր էլ չկար։ Իհարկե կլիշեն ավերել էր դեմքի այն արտահայտությունը, որ ուներ Հովնաթան Մարչը և որի մասին դժվար է գրել։ Միևնույն է, չես տա միամիտ այն վիշտը կամ վշտոտ միամտությունը, աչքերի կապույտի մեջ քարացած այն արտահայտությունը, որպիսին կա ուղտի աչքերում, երբ բեզարած նստում է և տատասկ որոճում։

Ի՞նչ էր ասում Եթովպական մամուլը Հովնաթան Մարչի մասին... «Ծնած է Եթովպիա քաղաքի մեջ։ Առաջին կանչի հետ ան հայրենիքի փրկության մասին է աղաղակած... Եվ ահա վերջին 20 հերոսությունը։ ճամփա ելնել հեռո՜ւ, բայց հարազատ աշխարհ մը, ուր կարիքի մեջ կտառապին․.. Հսկա ծրագիր մը, որուն ի գլուխ բերելուն անտարակույս ենք, քանի գործին ղեկավարն է ազգանվերն Հովնաթան Մարչ, որուն խիզախ ճանապարհորդությունը, վտանգներով և անակնկալներով լեցուն, մոռնալ կուտա մինչև հիմա եղած նման դեպքերը»։

Հասկանո՞ւմ ես, Հովնաթան Մարչ...

- Քո անունը պիտի հիշվի դարեդար։

Այս ամենը կարդալուց հետո հանցա՞նք է միթե մազերը շոյել, կանգնել պատուհանի առաջ, մերթ հայելու մեջ սեփական 30 դեմքը դիտել, զանազան դիրք ընդունել և ապա հայելին դեն նետելով աչքերը հառել հեռվի մշուշում երևացող Արարատին և հղանալ այնպիսի մտքեր, որոնցից սիրտը բաբախում է սովորականից արագ։

Եթե մեկը դռան ճեղքից նայեր, կտեսներ, թե ինչպես Հովնաթան Մարչը ճեմում էր սենյակում, մերթ կանգնում, հոնքերն իրար տալիս և ինքն իր հետ խոսում կամ հանկարծ հետ դառնում