Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Անձրև չկա։

Արտերի վրա լուսաբացի մշուշը։

Արտերի միջով արահետ, եզերքին մասրենու թփեր։ Արև է։ Արահետի վրա երևում են երկու ստվերներ և իսկույն թաքնվում են արտի մեջ։

Արտի միջից բարձրանում է մի գլուխ, Պուղանի գլուխը։ Նա ձեռքով է անում ընկերոջը և երկուսով կուզեկուզ գնում են։

Պուղանը և նրա ընկերը՝ մի ռուս կարմիր բանակային, ճեղքել են թշնամու գիծը և դիրքերում, նաև թիկունքում հրաման 10 ունեն տարածելու 11-րդ բանակի կոշը՝ ուղղված Զանգեզուրի աշխատավորության։

Բլուրի գագաթին պարզ երևում են թշնամու դիրքապահները։ Նրանցից երկուսը կրակ են արել։ Խոսում են։

- Տեսնես մեր արտը ո՞վ կհնձի...

- Երանի քեզ, արտ էլ ունես։

Պուղանը լսում է նրանց խոսքերը, մոտենում է երկանիվ սայլակին, թռուցիկ է կպցնում։ Մի ձի նայում է անասնական զարմանքով։

Երկու ստվերները կորան։

20 Նրանք չեն երևում, միայն արտերի մեջ մի երիզ օձաձև տարուբեր է լինում։

Նրանք ձորակով կտրեցին ճանապարհը։

Բլուրի գագաթից դիրքապահների ավագը խշշոց լսեց, նայում է հեռադիտակով։

Հետախույզները թռան պատի վրայով, պատից քարերը գռռալով գլորվեցին։ Բլուրից մի անգամ կրակեցին։

Այգի է. հնձան, տակառներ։ Շուն է հաչում. մի թռուցիկ կպցրին հնձանի դռնակից։ Շան հաչոցի վրա և կրակոցի ձայնին զարթնում է չարդախի տակ քնած այգեպանը։

30 - Հե՜յ... էլի եկար լոբին գողանաս...,- կանչում է այգեպանը, ձեռքը մեկնելով հրացանին։

Պուղանն ընկերոջն օգնում է թռնել քարից քար։ Թաքնվում են խոր ձորում, որտեղ խիտ ծառեր են, և խաղողի որթերը մագլցել են ժայռի լանջով։

Զանգեզուրի «մերձարևադարձային» ձորը։