Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծակերի ձորը․ բարակ կամուրջ։ Յոթ մարդ և ծերունի, և երիտասարդ զինված՝ ինչպես պարտիզաններ, անցնում են բարակ կամարջով և բարձրանում են կեռման արահետով․․․

Լեռնային լճերի ափերից...

Կապույտ լիճը։ Եզերքին ալպյան խոտը և չքնաղ ծաղիկներ․․․ Լճի խորքում արտացոլել է երկինքը, և նույն խորքում երևում է յոթ ստվեր՝ զինված կոմունարների յոթ ստվեր․․․

Նրանք գնում են խոտերի միջով, լճի ափերով, և միայն նրանց պատկերն է երևում լճի հայելու մեջ։

10

Անտառի բնակիչները...

Արևի մայրամուտն է Զանգեզուրի Երկար անտառում․․․

Անտառի խավար խորքից դեպի արևը գալիս են յոթ պարտիզան։ Նրանց ստվերները երկարում են։ Ստվերները հեռանում են, և հզոր աղմուկով խշշում է անտառը։

Ղափանի հանքափորները...

Հանքի ավերակ մուտքը։ Հեղեղը սրբել է հողը, և դեռևս կախված են նեղգծանի ռելսերը՝ ծուռ, ժանգոտ և ջարդված։ Մի վագոնետ խրվել է հողի մեջ, և արդեն չորս կողմը բուսել է վայրի կանեփ։ Հանքի ավերակ մուտքի առաջ կանգնել են 20 յոթ հանքափոր՝ և ծերունի, և երիտասարդ՝ նիհար, մռայլ և համր։

- Զանգեզուրցիներ, փշրեցեք բռնության շղթաները,- էկրանի ետևից որոտում է մի ձայն։

Հրապարակում բացվում է միտինգը, նույն պարտիզանները՝ յոթն անգամ յոթ, որոնք եկել են Մթնաձորի գյուղերից և լեռնային լճի ափերից, եկել են անտառի բնակիչները և մռայլ հանքափորները։

Խոսում է Քրիստը՝

- Թշնամին ամրացել է Յայջիի դիրքերում․․․

30 Թնդում է նվագախումբը։