Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դերանվան ձևի փոխարեն կա գործածված իրեն ձևը (տվյալ շարակարգում ճիշտ չէ)․ ինչպես՝ էջ 44, տող 27-28. իրեն՝ լուսավորչի գանգը: Հեղինակային լեզվում հանդիպում են ժողովրդաբարբառային խոսքի նաև այլ ձևեր, ինչպես՝ էջ 78, տող 34. ուզում էր ցույց տա (գրականը՝ ցույց տալ), էջ 69, տող 28. ճրագի լուսով (լույսով) և այլն։ Բոլորը նույնությամբ պահպանված է։

Լու բառի հոգնակի լուեր ձևն է գործածված (էջ 76, տող 22). նոր ուղղագրությամբ պիտի լիներ լվեր, բայց չենք ուղղել, քանի որ անպայման հեղինակային է, ինչպես որ «Կարմրաքարում» ջուալներ ձևը)։

38-րդ էջում որպես ծղրիդների ձայն տրված է՝ -Ծղի՛-տակ, ծղի՛-տակ, իսկ 41-ում՝ -Ծվի՛-տակ, ծղի-տակ. երկուսն էլ պահպանել ենք։

ՀՄ-ի բնագրում կան որոշ անկանոնություններ, որոնք նույնպես չենք ուղղել։ Օրինակ, էջ 23, տողեր 14-17. Ճիշտ է, տարբերություն կար, ինչպես օրինակ, այն, որ ռուսական արքան երկարավիզ կոշիկներով էր, իսկ Մարչը դեղին բոտերով կամ այն, որ Մարչը երկրորդ անգամ էր պատմությունը կրկնում.- այստեղ երկրորդ անգամ-ը ավելորդ է, ճիշտ կլիներ այսպես՝... որ Մարչը պատմությունը կրկնում էր, սակայն չենք ուղղել։ Կան այսպիսի նաև այլ դեպքեր։

․․․

«Հովնաթան Մարչը» տպագրվել է նույն տարին, ինչ «Մթնաձոր» ժողովածուն, բայց դրանք բովանդակությամբ միմյանցից հեռու են։ Ըստ երևույթին, գործ ունենք Բակունցի հեղինակային երկու տարբեր գծերի կամ ուղիների հետ։ Եթե «Մթնաձորը» գլխավորապես նվիրված է հայ նահապետականության պատմական դերի, հին գյուղի բարոյական արժեքների, նրանց մահացման մասին գրողի ունեցած պատկերացումների, նաև մարդասիրության, հոգեկան մաքրության գեղարվեստական մարմնավորմանը, ապա «Հովնաթան Մարչում» առկա է բակունցյան մի այլ նախասիրություն՝ մի կողմից իրական հայոց աշխարհի, մանավանդ գյուղաշխարհի, մյուս կողմից այդ աշխարհը չիմացողի, բայց նրան սատար լինելու հավակնությունն ունեցողի հակադրությունը։

«Հովնաթան Մարչում» եղած հակադրության բնույթը առավել չափով մոտ է «Որդի որոտման» երկին բնորոշ հակադրությանը, և ինքը գլխավոր հերոս Մարչն էլ կողմերով հիշեցնում է «Որդի որոտմանի» հերոս Պեդեյանին։

Մարչը չի ճանաչում Հայաստանը, Պեդեյանը չգիտի հայ գյուղը, Մարչը արտասահմանից գալիս է Հայաստան մեծ բարեփոխումների ծրագրով, Պեդեյանն այդպիսի ծրագրով մեկնում է Բովեր գյուղակը։ Երկուսն էլ ձախողվում են. սակայն, եթե Մարչը ձախողված ու պարտված փախչում է Հայաստանից, ապա Պեդեյանի ձախողումը հանգեցնում է հայկական մի գյուղակի ոչնչացման։

Հետաքրքրական է, որ Պեդեյանին պատկերելուց և նրան որոտման որդի անվանելուց շուրջ հինգ տարի առաջ Բակունցը այդ նույն անունը տվել է Հովնաթան Մարչին (տե՛ս էջ 32, տող 24)։

Իհարկե, այս երկու կերպարների միջև նաև լուրջ տարբերություններ կան. Մարչը զգալապես ռոմանտիկ անձ է, նույնիսկ երազող, իսկ Պեդեյանը ուղեղի փոխարեն «չարխ» ու լծակներ ունեցող ու դրանցով առաջնորդվող մարդ-մեքենա է, Մարչը