Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզապես անհող ու անպտուղ հայրենասեր է, Պեդեյանը ոչինչ էլ չի սիրում, նա պարզապես «դիրեկտիվ» կատարող է, Մարչի բնույթի մարդիկ իրենք են ձախողվում, Պեդեյանի նմանները ուրիշներին են վնասում՝ հաճախ անդառնալի կորուստներ պատճառելով։

«Հովնաթան Մարչ» երկի նախափորձը եղել է «Երբ որ բացվեն դռներն հուսո» պատմվածքը (տես Երկերի այս հրատ. 2-րդ հատորը), որը գրվել է հավանաբար 1923-ի ամառը կամ ամենաուշը հաջորդ երկու թվականներից մեկում։

Թե՛ «Հովնաթան Մարչում», թե′ հիշյալ պատմվածքում սփյուռքահայ գործիչը գալիս է Հայաստան և պատկերացումների փլուզում ապրում։ Մասամբ այս երկուսի նման է «Տրանզիտ Բայանդուր» պատմվածքը, այն տարբերությամբ, որ այստեղ Հայաստան եկողը ոչ թե սփյուռքահայ գործիչ է, այլ նրա ներկայացուցիչը՝ արտասահման ընկած տեղացի, թեև սփյուռքահայ պատկերացումների և իրական երկրի որոշ հակադրություն առկա է նաև այս պատմվածքում։

Ժամանակին Ջ․ Եսայանը ընդհանուր առմամբ ճիշտ է բնութագրել «Հովնաթան Մարչ» երկը, ասելով, որ նրա գլխավոր հերոսը ընդհանրացված կերպարն է, «որևէ միսիոնով Հայաստան եկող գաղութահայի, և որուն մեջ որոշ չափով ամեն մեկս կարող ենք ինքզինքնիս գտնել» (Զ․ Եսայան, Պրոմեթեոս ազատագրված, էջ 154)։

«Երբ որ բացվեն...» պատմվածքը և «Հովնաթան Մարչը» նաև ինչ-որ չափով Բակունցի այն գործունեության մի արտահայտությանն են, որի մեջ 1923 թ. նրան ներքաշեց Երեմիա Բակունցը՝ գրողի ազգականը, այն ժամանակ Հայաստանի Կ(բ)Կ-ի Կենտկոմի քարտուղար։ Հիշյալ թվականին Երևանում կազմակերպվեց նախկին դաշնակցականների ինքնացրման համագումար, և Երեմիա Բակունցը հորդորել է Ակսելին այդ համագումարում, ինչպես և մամուլում համապատասխան ելույթներ ունենալ։ Գրողը կատարել է Ե. Բակունցի պահանջը, և նրա մասնակցությունը այդ գործին 1936—37 թթ. դարձավ Բակունցի դեմ հարուցված գլխավոր մեղադրանքներից մեկը (տե′ս, օրինակ, «Գրական թերթ», 1936, № 19, 22)։ Գրողի կինը՝ Վարվառա Չիվիջյանը, մեզ պատմել է, թե ինչպիսի ծանր օրեր է ապրել Բակունցը 1923-ին. «Նա հենց նոր էր եկել Խարկովից, մտքում մեծ ծրագրեր ուներ Հայաստանի գյուղերում որպես գյուղատնտես աշխատելու, նորություններ մտցնելու, և հանկարծ իրեն խորթ այդպիսի միջոցառման մասնակցելու գրեթե հրամայական հորդոր։ Չէր կարողանում մերժել, ուժ չուներ և չէր ուզում զբաղվել դրանով, ու տառապում էր»։

Մամուլում հրապարակվեցին գրողի համապատասխան հոդվածները (տե′ս «Խորհրդային Հայաստան», 1923, № 206 , 215 , 261, 262), բայց «Երբ որ բացվեն...»-ը ինչ-ինչ պատճառներով չտպագրվեց։

Իհարկե, ճիշտ չի չինի «Հովնաթան Մարչի» բովանդակությունն ամբողջովին պայմանավորել 1923 թ. դեպքերով։ Այդ դեպքերը պարզապես շարժառիթներից մեկն են եղել։ «Հովնաթան Մարչում» զգացվում է նաև 1918 թ. Կարին–Կարս–Ալեքսանդրապոլ նահանջի ժամանակ գրողի ունեցած ապրումների արձագանքը և մանավանդ խաղաղ տարիներին Սփյուռքում զանազան ճոռոմախոսությունների առթիվ գրողի ապրած վրդովմունքի արտահայտությունը։

Ո՞վ է Հովնաթան Մարչը։ Երբեմն ենթադրում են, որ նա հայ ռամկավարի կերպարն է։ Ավելի հավանական է, որ Մարչը ներկայացուցիչն է առհասարակ Հայաստանը չիմացող, գրքային անիրական ազգասիրությամբ վարակված այն գործիչների, որոնց այդ ազգասիրությունը գեղգեղում է մինչև Հայոց լեռնաշխարհում բնակություն հաստատելը և