Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտաշեսի և Սաթենիկի մասին եղած հայկական հին առասպելի տողերն են, որ ավանդված են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ (2, Ծ). Բակունցը գրել է հիշողությամբ, այն էլ 1922 թ. ուղղագրությամբ, որ չենք փոխել ըստ այս երկի համար մեր ընդունած սկզբունքի։ Գրաբար բնագիրն այսպիսին է.

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն։

Աշխարհաբար՝

Ոսկի անձրև էր թափվում Արտաշեսի փեսայանալու ժամանակ,
Մարգարիտ էր թափվում Սաթենիկի հարսնանալու ժամանակ։

Սա հայոց մեջ եղած, մասամբ այժմ էլ պահպանվող սովորությունն է, որի օգտագործմամբ Բակունցը կառուցել է իր երգիծանքը։

էջ 87, տողեր 18-19 Cor Cordis Causa. Vitium cordis - լատիներեն է, նշանակում է՝ Սիրտ։ Սիրտն է պատճառը։ Սրտի արատ։

ԿԱՐՄՐԱՔԱՐ

(էջ 89)

Վեպի պահպանված հատվածներն առաջին անգամ հրապարակվել են «նոր ուղի» հանդեսի 1929 թ. առաջին համարներում, հետևյալ հաջորդականությամբ. № 1 (հունվար, էջ 20—42)՝ սկզբից մինչև 2-րդ մասի կեսերը (վերջը՝ «խոջա Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել.․.»), № 2-3 (փետրվար-մարտ, էջ 33-55)՝ մինչև 3-րդ մասի վերջը, № 4 (ապրիլ, էջ 3-30)՝ 4-րդ մասը և 5-ի մի հատվածը (վերջը՝ «Ծրարը դեռ փակ էր»), № 5 (մայիս, էջ 42-59)' 5-րդ մասի մնացած հատվածը (վերջը՝ «Ու շունը վերադարձավ»)։

Բոլոր չորս հատվածների վերջում տպված է՝ Շարունակելի:

Վեպի մի այլ հատված (ո′չ «նոր ուղի»-ում հրապարակվածի շարունակությունը)՝ «Ջեյթայի ավերումը» վերնագրով, տպագրվել է «Գրական դիրքերում» հանդեսի № 2-3-ում (փետրվար-մարտ, էջ 1-9)։ Սկզբում, վերնագրի տակ փակագծում տպված է՝ Մի գլուխ «Կարմրաքար» վեպից: Հատվածը բաղկացած է երեք մասից, ընդ որում, մասերի համարակալումը նախորդ հրապարակումների («նոր ուղու») շարունակությունը չէ, այլ դարձյալ սկսվում է 1-ից։ Վերջում Շարունակելի չկա։

Հեղինակի կենդանության օրոք «նոր ուղիից» (1929 № 4-ից) մի հատված՝ Սղոցարանը վերնագրով զետեղվել է Հ. Հարությունյանի, Խ. Սարգսյանի, Տ. Վանյանի կազմած «Կարմիր ուղի։ Հայերենի աշխատանքի քրեստոմատիա» դասագրքի մեջ (Պրակ Բ, 1929, էջ 131-143)։