Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև, «Կարմրաքարը» տպագրվել է 1955 թ. գրողի Երկերի երևանյան հրատարակության մեջ, 1956-ին՝ «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության 2-րդ հատորում, 1964-ին՝ Երկերի երևանյան երկհատորյակի երկրորդ հատորում։

Ուղղումներ

Ներկա հատորում դնելով «Նոր ուղի» և «Գրական դիրքերում» ամսագրերի մեջ հրապարակված բնագրերը՝ նրանցում վերացրել ենք տպագրական վրիպակներն ու այլ կարգի ակնհայտ վրիպումներ, ուղղել ենք տարբեր պատճառներով սպրդած աղավաղումները։

Վերացրել ենք մի շարք ուղղագրական անմիօրինակություններ, օրինակ, «Նոր ուղիի» բնագրում ունենք այսպիսի զուգահեռ ուղղագրական ձևեր՝ Տեր Նորընծա և Տերնորընծա, Խոջա Հիբան և Խոջա-Հիբան, Բոլոր քար և Բոլոր-Քար, Բեկտաբեգով, Բեգատ-բեգով և Բիկտաբեգով, վերին կապ, Վերին Կապ և Վերին կապ։ Ամենուրեք պահպանել ենք հետևյալ ձևերը՝ Տեր Նորընծա, Խոջա Հիբան, Բոլոր քար, Բեկտաբեգով (այս ձևը ամենից շատն է գործածված), Վերին կապ:

«Նոր ուղիի» բնագրում գցել բայն ամենուրեք (չնշին բացառությամբ) ունի քցել (քցեցի, քցեց, քցեցինք) ձևը: Սա հեղինակային է. Ա. Բակունցը 20-ական թվականների՝ երկրորդ կեսին գործածում էր մի քանի բառի, այդ թվում գցե բայի արտասանական-ուղղագրական ձևը (քցել), թեև ոչ հետևողականորեն (տե′ս, օրինակ, «Ձմռան մի գիշեր», «Եղբայրության ընկուզենիները» և այլ երկեր սույն հրատ. 2-րդ հատորում)։ Նախորդ հատորներում այդ բառի ուղղագրությունը մեծ մասամբ թողել ենք այնպես, ինչպես բնագրերում է, որն է՝ և′ քցել, և′ գցել: Որոշ դեպքերում էլ հեղինակային խոսքի մեջ քցել-ը ուղղել ենք ըստ դասական ձևի, իսկ հերոսների խոսքում պահպանել ենք բնագրայինը։ Հավանաբար, ճիշտ չէր լինի խոսքը ժողովրդային դարձնելու միտումով հեղինակի գործածած քցեց, քցեցինք և մյուս համանման ձևերը բոլոր դեպքերում դարձնել գցեց, գցեցինք և այլն։ Որոշեցինք «Կարմրաքարի» և ընդհանրապես այս հատորի մյուս բնագրերը կազմելիս հետևողական լինել և միայն հեղինակային խոսքում այդ ձևերը ուղղել ըստ դասական ուղղագրության (գցել), հերոսների խոսքում թողնել հեղինակայինը (քցել): «Կարմրաքարի» բնագրում, որպես բացառություն, երկու տեղ (էջ 182, տող 32, էջ 203, տող 32) հերոսի խոսքում կան գցենք և գցեցին, դրանք էլ միակերպության համար դարձրել ենք քցենք, քցեցին:

Բնագրերում արտասանական ուղղագրությամբ է գործածված նաև մարագ գոյականը՝ մարաք (օրինակ, էջ 97, տող 21, էջ 98, տող 25, էջ 104, տողեր 14, 15 և այլն), որ փոխել ենք դասական ձևի՝ մարագ:

Զուգահեռաբար գործածված են միթիլ և միթել ձևերը, առաջինը դարձրել ենք միթել:

Բակունցն ընդհանրապես, նաև այս գործում գործածել է թյուրք, թյուրքերեն ձևերը, ամենուրեք նորացրել ենք՝ թուրք, թուրքերեն:

Էջ 90, տող 34. ՆՈւ-ի բնագրում՝ Եվ որտեղ էր լիներ- ուղղված է՝ Եվ որտեղ էլ լիներ:

Էջ 91, տող 1. ՆՈւ-ի բնագրում՝ է համարվում- ուղղել ենք ըստ բովանդակության՝ էր համարվում: