Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակը «Կարմրաքարը» վեպ է համարել։ Բացի դրանից, 1932 թ. հունիսի 5-ին գրած ինքնակենսագրության մեջ ևս հեղինակը «Կարմրաքարը» վեպ է անվանում (տե՛ս ստորև)։ Այս հաշվի առնելով է, որ ներկա հատորում երկը գրել ենք Վեպեր-ի մեջ և Կարմրաքար վերնագրից հետո ավելացրել վեպ ենթավերնագիրը։

Քանի որ «Կարմրաքարը» սկսել է տպագրվել «Նոր ուղիի» 1929 թ. հունվարի համարից, բնականաբար, հեղինակը պետք է սկսած լիներ այն գրել ամենաուշը 1928 թըվականին։

Ուշադրություն է գրավում այն, որ «Նոր ուղի» հանդեսի մայիսյան hամարում հրապարակված չորրորդ և վերջին հատվածի տակ նույնպես տպված է` Շարունակելի: «Նոր ուղին» լույս է տեսել մինչև 1932 թ. (այսինքն 1929 թ. մայիսյան համարով չէ, որ դադարել է)։ Կնշանակի «Կարմրաքարի» շարունակության հրապարակումն այդ ամսագրում ծրագրված է եղել, և ինչ-որ բան խանգարել է այդ հրապարակմանը։

Վեպի «նոր ուղիում» հրապարակված մասի վերջին հատվածներում, ինչպես վերը նշվեց, կան վրիպումներ (Ունան-Ուհան և այլն), որոնցից մի քանիսը, կարելի է մտածել, թե հեղինակն է թույլ տվել շտապելու պատճառով։ Կարող է տպավորություն ստեղծվել. որ «Նոր ուղիում» հրապարակված վերջին հատվածը հեղինակը շտապով է գրել 1929-ի առաջին ամիսներին՝ ամսագրի հերթական համարին հասցնելու նպատակով, իսկ հինգերորդ հատվածը չի կարողացել «Նոր ուղիի» հունիսյան համարին հասցնել, որի հետևանքով էլ մայիսյան համարում նշված Շարունակելի-ն մնացել է «անշարունակելի»։

Բայց սա քիչ հավանական է. չէ՞ որ գրողը վեպի հերթական 5-րդ հատվածը կարող էր ներկայացնել ամսագրի հուլիսյան, օգոստոսյան կամ հերթական մի այլ համարի։ «Կարմրաքար» վեպի՝ «Նոր ուղիում» տպված մասի շարունակությունը բնավ չտպագրվելու պատճառը, ըստ երևույթին, այլ է։

Ուշադրություն է գրավում նաև այն, որ երկու տարի անց, այս անգամ «Գրական դիրքերում» ամսագրի 2-3-րդ համարում տպվել է ոչ թե վեպի՝ «Նոր ուղիում» հրապարակված մասի շարունակությունը, այլ բոլորովին ուրիշ մի հատված՝ Զանգեզուրի ազգամիջյան կռիվներից մի դրվագի պատկերմամբ։ Ավելի հավանական է, որ «Նոր ուղիում» «Կարմրաքարի» հրապարակումը դադարեցվել է բովանդակության մեջ խմբագրության կողմից հրապարակման ոչ հարմար տեղեր հայտնաբերվելու պատճառով։

Հիշենք, որ «Նոր ուղիում» «Կարմրաքարի» հրապարակումն սկսվելուց մի ամիս առաջ՝ 1928-ի վերջին՝ «Գրական դիրքերում» ամսագրի մեջ (№ 11-12) լույս էր տեսել ընդարձակ մի հոդված՝ «Ակսել Բակունցի ստեղծագործությունների սոցիալական արժեքը» վերնագրով։ Այստեղ գրողը խստագույնս քննադատվում էր իր «գյուղասիրական հակումների» համար։ Նույն մեղադրանքով Բակունցը երգիծվել էր նաև «Գրական դիրքերի» մոտակա մի այլ համարում (1929, № 1)։ Արդյոք սա չի՞ պատճառ դարձել, որ «Նոր ուղիի» խմբագրությունը (խմբագիրներ՝ Ե․ Չուբար, Դ․ Սիմոնյան) չտպագրեր վեպի, այսպես ասած, «գյուղասիրական» մասի շարունակությունը։ Իսկ երկու տարի անց «Գրական դիրքերում» ամսագիրը կարող էր տեղ տալ վեպի մի այնպիսի հատվածի, որը նման առարկություն չէր հարուցել։

Այսպիսով, «Նոր ուղի» ամսագրի 1929 թ. 5-րդ համարում «Կարմրաքարից» հրապարակված վերջին հատվածի տակ դրված Շարունակելի-ն և վերը նշված հանգամանքները