Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ իմանալով մենք անմիջապես նամակ գրեցինք Մարշակին` խնդրելով համառոտակի ներկայացնել իր տպավորությունը՝ ստացած Ա. Բակունցից։ Եկավ պատասխանը, որտեղ ի թիվս այլոց ասված էր. «Ակսել Բակունցի մասին իմ մեջ պահպանվել են ամենապայծառ հիշողությունները։ Նա մի աշխույժ, բարի, ուրախ մարդ էր, հրաշալի պատմող։ Այն Ժամանակ, երբ ես նրան հանդիպեցի, նա լի էր մտահղացումներով, որոնք կբավականացնեին շատ գրքեր ստեղծելու համար։ Նա հիանալի գիտեր իր երկրի, իր Ժողովրդի կյանքը» (բնագիրը պահվում է Ե. Չարենցի անվ. գրակ, և արվեստի թանգարանում, հրապարակվել է «Գրական թերթում». 1964, № 52)։ Պարզվեց նաև, որ Մարշակը խորհրդային գրողների 1-ին համագումարում իր ունեցած ելույթի մեջ նույնպես խոսել է Ա. Բակունցի մասին (տե՛ Первый всесоюзный съезд советских писателейս М., 1934, էջ 21)։

Եվ այսպես, գրողի կնոջ վկայությամբ, «Կարմրաքարը» ավարտված է եղել, բայց վեպի ամբողջական ձեռագրի ճակատագիրը առայժմ մնում է անհայտ։

* * *

«Կարմրաքար» վեպից պահպանված ընդարձակ հատվածում նկարագրված է առաջին համաշխարհային պատերազմին նախորդած ժամանակաշրջանի հայ գյուղը (հավանաբար՝ 1907-1314 թթ․)։ Հատվածն ավարտվում է 1914-ի օգոստոսով. պատերազմն սկսվում է, գյուղից երիտասարդների առաջին խումբը մեկնում է բանակ։

Ինչպիսի՞ն է եղել շարունակությունը։ Կարելի է որոշ կռահումներ անել։ Նախ ակնհայտ է, որ գրողը շարունակել է նկարագրել Կարմրաքար գյուղը պատերազմի օրերին (և ոչ թե բանակ գնացողների հետագա ճակատագիրն է պատկերել բանակում ու ռազմաճակատում)։ Այնուհետև պետք է պատկերված լինի ազգամիջյան ընդհարումների շրջանը։ Դրա մի դրվագը, ինչպես ասվեց, հրապարակված է «Զեյթայի ավերումը» վերնագրով։

Վեպի պահպանված մասում սկիզբ էր առել Արզումանի և Սալբիի սերը, և այնպես, որ պետք է զարգացվեր հեղինակի կողմից, մանավանդ Արզումանի վերադարձից հետո։ Վեպի տպագրված մասում (էջ 153-154) Մկրտումը նկատում է Սալբիի կանացի հրապույրները, և երևում է, որ նա գիտի Սալբիի ու Արզումանի սիրո մասին։ Չի բացառվում, որ Արզումանի բանակ մեկնելուց հետո Մկրտումը ոտնձգություններ աներ Սալբիի նկատմամբ, մանավանդ, որ Սալբիենց տունը հեղեղից վնասվել էր, ընտանիքին նյութական վիճակը ծանր էր։ Մկրտումը կարող էր դա չարաշահել։ Հավանաբար Արզուման-Մկրտում արդեն սկսված ընդհարումը վեպի շարունակության մեջ սաստկացել է Մկրտում-Սալբի խնդրի պատճառով։

«Նոր ուղիում» հրապարակված հատվածի վերջին մասում Ունանը իր եղբորը՝ Խաչանին խորհուրդ է տալիս ծխախոտի ջուր խմել բանակից ազատվելու համար (էջ 212-213)։ Խաչանը տատանումների մեջ էր։ Սա ևս ինչ-որ լուծում պետք է ստանար վեպի շարունակության մեջ (հավանաբար ողբերգական)։

Վ. Չիվիջյանի փոքրածավալ հուշերը պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում. Ա․ Հովհաննիսյանի արխիվ, թղթ. 244, 19, վավ. 4։