Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորներում, նաև համապատասխան երկերի ծանոթագրությունները)։ Օրինակ, «Կարմրաքարում» կա Լուս Խաչեր կոչվող վայրը», որ մոտ է վեպում նկարագրված Կարմրաքար գյուղին («Նրան ճանապարհ գցեց մինչև Լուս Խաչերը»,- էջ 189, տող 15), նույն վայրը կա «Ձմռան մի գիշեր» պատմվածքում, որպես Երիշենին մոտ գտնվող մի տեղ (տե՛ս այս հրատարակության 2-րդ հատորում)։

Այնուհետև, առանձին դեպքերում վեպի գլխավոր հերոսներից մեկի՝ Ավան ամու նկարագրությունը հիշեցնում է գրողի երիշենցի պապին (մոր կողմից)՝ Հարություն Խուրշուդյանին։ Օրինակ, «Կարմրաքարում» Ավան ամին ունի «բարի դիմագծեր», «կապույտ աչքեր»՝ «կապույտ աչքերը փոքրանում էին», այնպիսի ժպիտ, «որը լուսավորում էր նրա երեսը, լուսապսակ կազմում սպիտակ գլխի շուրջը», նրա մասին ասված է նաև «նստում էր տան առաջ, երբ մութն ընկնում էր։ Նայում էր խավարին, լսում էր ինչ-որ ձայներ՝ մարդու, կովի...»։ Նույն հատկանիշներն ունի Արթին (Հարություն) պապը «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում, ինչպես՝ «...աչքիս առաջ երևում է իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը», «Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին», «Իրիկնամուտին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարպասի նիշն էր...» և այլն (մանրամասն տեսնել վերոհիշյալ պատմվածքում)։

Այս նմանությամբ հանդերձ, Արթին պապը և Ավան ամին բավական տարբեր կերպարներ են. ըստ երևույթին, Ավան ամու նկարագրության մեջ Բակունցն ուղղակի նկատի է առել իր պապի մի երկու առանձին հատկանիշը, իսկ հիմնական «բնորդը» մնում է անհայտ:

«Եղբայրության ընկուզենիները» պատմվածքում առկա է քահանա՝ Տեր Նորընծա անունով (թեև թռուցիկ է ներկայացված), որի նախակերպարը Երիշենի քահանա տեր Հակոբը պետք է եղած լինի։ Տեր Նորընծա անունով քահանան «Կարմրաքարի» գլխավոր հերոսներից է։ «Եղբայրության ընկուզենիների» և «Կարմրաքարի» տեր Նորընծաները ըստ էության միմյանց նման են (օրինակ, առաջինում նրա «աշխարհավեր պատերազմ» արտահայտությունը հիշեցնում է «Կարմրաքարի» քահանային բնորոշ գրքային խոսքը)։

«Կարմրաքարի» ջաղացպան Անդրիի համար նախակերպար է ծառայել Երիշենի ջաղացպան Անդրին։ Ջաղացպան Անդրի անունով հերոսներ առկա են նաև «Հերոս Նոքարը», «Ձմռան մի գիշեր» պատմվածքներում, «Եղբայրության ընկուզենիներում» և «Կյորեսում» կա Նիազանց Անդրի։

Բոլորի մեջ առավել ամբողջական կերպար է «Կարմրաքարի» ջաղացպան Անդրին։

1961 թ. Երիշենում մենք եղել ենք ջաղացպան Անդրու տանը և երկար զրուցել նրա հետ, կնոջ՝ Հենազ բիբու (Հերիքնազի) ներկայությամբ (տե՛ս նաև Երկերի այս հրատ. 1-ին և 2-րդ հատորների ծանոթագրությունները)։ Անդրին, նույն ինքը Օրդյան Անդրեասը (այժմ մահացած), Բակունցի մորաքրոջ որդին է, ծնված 1886 թ. Երիշենում, ամուսնացել է 1904-ին, 1906 թվականից մինչև 1949-ը եղել է Երիշենի ջաղացպանը (ոչ մեծ ընդմիջումներով)։ Ունեցել է վեց աղջիկ, երկու տղա։ Անդրի ամին միջահասակ էր, նիհարավուն, աչքերը կապույտ։ Նա գիտեր շատ պատմություններ և սիրում էր պատմել։ Նաև երգասաց էր, շատ երգեր ինքն էր հորինել։ Հակում ուներ խոսելու կյանքի առեղծվածների մասին։