Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դժվար չէ Նկատել, որ «Կարմրաքարի» ջաղացպան Անդրու և իրական Անդրու միջև կան շատ ընդհանրություններ և որոշ տարբերություններ։ Վերջիններից է, օրինակ, այն, որ հակառակ իրական ջաղացպանի «Կարմրաքարի» հերոսը բարձրահասակ է, երկու անգամ է ամուսնացել, ունի մեկ որդի։ Բակունցը, իրական ջաղացպանին կերպար դարձնելիս, ըստ վեպի փոփոխությաններ է կատարել, չի բացառվում, որ միաժամանակ նկատի առած լինի նաև մի այլ նախակերպար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ իրական ջաղացպանի և վեպի հերոսի որոշակի պատկերացումները կյանքի վերաբերմամբ հաճախ տարբեր են։

Ամեն դեպքում «Կարմրաքար» վեպի նախակերպարների ու նախապատմությունների մասին մտածելիս նկատում ենք, որ Երիշենից բացի, գրողն ունեցել է նաև մի այլ «սկզբնաղբյուր», որ, թերևս, ավելի կարևոր դեր է կատարել։ Այսինքն, վեպում կա, եթե կարելի է ասել, բնորդային մի այլ, անծանոթ շերտ։

Գյուղի անունը գրողը պետք է վերցրած լինի Ղափանի շրջանի Կարմրաքար գյուղից։ Այդ գյուղին հարևան է Զեյվա գյուղը. վեպում էլ Կարմրաքարին հարևան է Զեյթան։

Ղափանի շրջանում Բակունցը հաճախ է եղել Զանգեզուրի գլխավոր գյուղատնտես աշխատած տարիներին, հատկապես՝ 1925-ին։ Բակունցի երկերից մի քանիսի, այդ թվում «Մթնաձորի» և «Միրհավի» նախակերպարներն ու նախապատմությունները առնչվում են Ղափանի շրջանի գյուղերի հետ։ 1925-ի գարնանը Բակունցը եղել է Ղափանի շրջանի Զեյվա (տե՛ս երրորդ «Գավառական նամականին»,- Երկերի այս հրատ. 2-րդ հատորում) և, հավանաբար, Կարմրաքար գյուղերում։ Հնարավոր է, որ նա այլ անգամներ էլ այցելություններ արած լինի այդ գյուղերը։ Արդյո՞ք որոշ պատկերներ գրողն այդ գյուղերում եղած ժամանակ է «Ճեպանկարել» իր ապագա վեպի համար։ Դա ևս հնարավոր է, թեև «Կարմրաքարի» մեջ տեղ գտած պատկերումներն այնպիսի մանրամասներ ունեն, այնքան կենդանի են, շոշափելի, որ մտածել են տալիս, թե պատկերվածը գրողին շատ հարազատ է եղել, որ ամենի հետ նա շփվել է ավելի երկար, քան կարող էր լինել մեկ-երկու այցելության ժամանակ։

Մենք կարծում ենք, որ «Կարմրաքարը» գրելիս Բակունցը նկատի է ունեցել նաև 1915-16 թթ. Սիսիանի Լոր գյուղում յոթ ամիս որպես ուսուցիչ աշխատած օրերից ստացած տպավորությունները։ Լորում անցկացրած ամիսների մասին Բակունցը ինքնակենսագրության մեջ գրել է. «Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ»։ Հայտնի է, որ այդ հիշողություններն օգտագործված են «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի տափ» պատմվածքներում, բայց դա «շատ անգամ» չէ, հավանաբար, այդ հիշողությունները գրողին օգնել են նաև «Կարմրաքարը» գրելիս։

Թերևս, դրա նշաններից է նաև որոշ տեղանունների նույնությունը՝ օրինակ, Կարմրաքարում ևս կա Ծիրանի տափ (էջ 197, տող 28), որ համանուն պատմվածքի գլխավոր տեղանունն է։ «Կարմրաքարում» կա նաև Մարցա ջուր (էջ 90, տող 30, էջ 142, տող 2) անունով գետակ․ այդպիսին եղել է նաև Լոր գյուղի մոտակայքում։

Բայց և Բակունցի ամեն մի երկի, պատումի համար անպայման նախակերպարներ, նախավայրեր որոնելը, որքան էլ հիմնավորված լինի գրողի ստեղծագործելու եղանակի կապակցությամբ, այնուամենայնիվ ավելորդ գայթակղության վտանգ ունի, կան որոշ փաստեր այն բանի, որ Բակունցը առանց որոշակի նախակերպարների ու նախավայրերի