Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղները, որը և Շոպենը կատարել է. տե՛ս նրա «Исторический памятник состояния» Армянской области в эпоху ея присоединения к Российской империи (СПб 1882) ծավալուն երկը։ «Շոպենի ժամանակվա քարտեզ» ասելով նկատի է առնվում անցյալ տարի 30-ական թթ․ քարտեզ։

Ի․ Շոպեն ի անունը մասամբ կապված է նաև Խ. Աբովյանի հետ. Շոպենը ջանացել է ամեն կերպ համոզել կառավարությանը և հասարակայնությանը, որ իբր Ֆ. Պարրոտը ուղեկիցների հետ Արարատի գագաթը չի բարձրացել (տե՛ս նաև «Խաչատուր Աբովյան» վեպի ծանոթագրությունները)։

Էջ 251, տողեր 11, 19-22. Քյառա-Հեյդար-Ուչաղի, Զկռուտ, Բովեր, Ստավրապոլ- իբր այս անուններով կոչվել է միևնույն գյուղը․ սա ակնհայտորեն հեղինակի երգիծական հնարանքն է (Բովեր անունով բնակավայրերի մասին տե՛ս «Որդի որոտմանի» ծանոթագրությունների ընդհանուր մասում)։

Խաչատուր Աբովյան

(էջ 260)

Վեպից պահպանված հատվածները մամուլում առաջին անգամ հրապարակվել են ժամանակագրական հետևյալ հաջորդականությամբ, ա) 1934 թ. մայիսի 20-ին «Գրական թերթում» (№ 14)՝ «Իրավան Չարսու բազար», բ) 1935 թ. հունվարին, «Խորհրդային գրականություն» ամսագրում (№ 1, էջ 3-21)՝ «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի», գ) 1935 թ. փետրվարի 7-ին «Գրական թերթում» (№ 3)՝ «Դեպի լյառն Մասիս», դ) 1935 թ. փետրվար և մարտ ամիսներին «Խորհրդային գրականություն» ամսագրում (№ 2, էջ 3-30, № 3, էջ 1-33)՝ «Լիբեր Արմենիեր»:

Աոաջին հրապարակումը՝ «Իրավան Չարսու բազար», կրկնվել է «Խորհրդային գրականության» 1935 թ, № 1-ում «Գործ Մայրանա դստեր Մկրտումի» գլխի կազմում (առանց վերնագրի), քանի որ այդ գլխի 3-րդ մասի մի հատվածն է (3-րդ մասի ամենասկզբից մինչև «որի մարմինը հրդեհվում էր գորգի գույների հետ» նախադասությունը ներառյալ)։

Հաջորդ երեք հրապարակումները, բոլորը 1935 թ., որևէ չափով չեն կրկնվում և ներկայացնում են վեպից պահպանված երեք հատվածները՝ ամբողջությամբ։ Այդ երեք հրապարակումներն էլ որպես բնագրային հիմնական աղբյուրներ տպագրվում են ներկա հատորում՝ անհրաժեշտ ուղղումներով, որոնք նշված են ստորև։ Միաժամանակ տրվում են 1934 թ. «Իրավան Չարսու բազար» հատվածի և 1935 թ. «Գործ Մայրանայի» կազմում նրա երկրորդ հրապարակման միջև եղած բնագրային ոչ մեծ տարբերությունները։

Վերոհիշյալ վերնագրերից բացի, հեղինակային հրապարակված չորս հատվածներում չկա այլ վերնագիր, չկա նաև վեպի ընդհանուր վերնագիրը։ Ժամանակակիցները այն հիշատակում են «Աբովյան» կամ «Խաչատուր Աբովյան» անունով։ Ամեն դեպքում վեպի ներկա հատորում օգտագործված Խաչատուր Աբովյան անունը պայմանական է, ոչ հեղինակային։