Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում կա Հայաստանի գրողների միության այն Ժամանակվա նախագահ Դ. Սիմոնյանին ուղղված մի պաշտոնական նամակ (Զակգիզից), որ կրում է 1935, հոկտեմբերի 9—ը թվականը, նրանում ասված է, որ Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպը մտած է Գոսլիտիզդատի (ГИХЛ-ի) 1936 թ. պլանի մեջ։ Հիմք կա ենթադրելու, որ 1936 թ. սկզբներին վեպը թարգմանվելիս է եղել ռուսերեն։ Նույն թանգարանում պահվող 1935 թ. նոյեմբերի 28 թվականը կրող Հայպետհրատի մի պաշտոնական գրության համաձայն «Խաչատուր Աբովյան» վեպը մտած է եղել Հայպետհրատի 1936 թ. պլանի մեջ։

Այս կապակցությամբ ևս, կարծում ենք, վստահելի պետք է համարել նաև գրողի կնոջ` Վարվառա Չիվիջյանի վկայությունն այն մասին, որ «Խաչատուր Աբովյան» վեպը 1936 թ. լիովին ավարտված է եղել, որ ինքը քանիցս տեսել է ամբողջական ձեռագիրը։ Կարելի է ենթադրել, որ վեպի մեքենագիր մի օրինակը հանձնված է եղել թարգմանչին։

Այժմ այն պատկերացման մասին, ըստ որի «Խաչատուր Աբովյանն» ավարտված էր, բայց ամբողջ երկը իբր այժմ եղած հատվածներից է բաղկացած եղել։ Նախ, եթե 1935 թ. մարտին Բակունցը դիմել է Գոսլիտիզգատ խնդրելով, որ վեպը տեղափոխեն 1936 թ. պլանի մեջ՝ ավարտված լինելու պատճառով, կնշանակի այն 1935—ի մարտին իրոք ավարտված չի եղել, իսկ վեպի հրապարակված հատվածներից ժամանակագրական կարգով վերջինը լույս է տեսել «Խորհրդային գրականության» 35 թ. հենց մարտի համարում։ Սա արդեն հարցը սպառում է՝ ցույց տալով, որ վեպի հրապարակված հատվածները սոսկ հատվածներ են։

Ապա՝ այժմ եղած երեք հատվածները, կարծում ենք, ամեն մի անաչառ ընթերցող կարդալով, կստանա, իրոք, առանձին հատվածների տպավորություն։ Առաջին գլուխը՝ «Լիբեր Արմենիերը» ներկայացնում է դորպատյան դրվագներ, ընդ որում, առաջին 5 մասերում, որ 27 տպագիր էջ է, գլխավոր հերոսը չկա, չկան և մյուս, շատ թե քիչ կարևոր դեր ունեցող հերոսները (Պարրոտ, Աուսլենդեր, նրանց կանայք, Միրզամ և այլն) փաստորեն չի սկսվել վեպի դիպաշարը, այդ էջերը վեպի յուրnվի մուտքն են, որտեղ որպես ընդհանուր համայնապատկեր ներկայացվում են Դորպատը, տեղի ուսանողությունը, բարքերը։ Երկի մնացած մասը, որտեղ կա դիպաշար, առկա են Աբովյանը և մյուս կարևոր հերոսները, բաղկացած է 125 էջից․ արդ, արդյոք ճիշտ չի՞ լինի մտածել, որ վեպի բուն դիպաշարային մասը 125 էջից ավելի պետք է լիներ։

Այնուհետև պետք է նկատի առնել հետևյալը. «Դեպի լյառն Մասիս» հատվածը նույնպես գլխավոր հերոսի դորպատյան կյանքն է ներկայացնում (Արարատ բարձրանալը հերոսի վերհուշն է դարձյալ Դորպատում)։ Այդ հատվածը, անկասկած, «Լիբեր Արմենիեր» գլխից է, ուստի և, ըստ էության, վեպից պահպանվել է երկու հատված՝ մեկը դորպատյան պատկերումներ, մյուսը Մայրանի գործի. հետ առնչված երևանյան մի քանի «նկարահանում»։ Եվ ահա, նույնիսկ գլխավոր հերոսի դորպատյան կյանքը նկարագրող հատվածները անավարտ լինելու տպավորություն են թողնում, մինչդեռ երկի պահպանված մասերի ընդհանուր ծավալի մեջ դորպատյան այդ հատվածը մոտ երեք քառորդն է կազմում (դորպատյան հատվածը ամբողջությամբ 119, երևանյանը 32 տպագիր էջ են)։