Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևո՛ւմ, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտեցել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկվա, Թիֆլիս ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է տանեն սաղ—սաղ թաղեն, յա կախ տան... Ինձ պահողը հենց էս էր, որ ասում էի, թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնես, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի ըլիլ։ Ապրիր, որ ասածդ անես, մուրազդ առնես։ էս, էս էր ինձ ամեն դժողքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց ըլեր իմ գերեզմանը» (էջ 61)։

Այս քաղվածքը բերեցինք նաև հօգուտ Բակունցի տեսակետի՝ ցույց տալու համար Աբովյանի հիվանդագին կասկածամտությունը, մշտական վախի զգացումը, որ հոգեկան անհավասարակշռության է հասած եղել։ Եվ նկարագրված այդ վիճակը նա ունեցել է դեռևս Թիֆլիսում ապրած ժամանակ, երբ Երևան տեղափոխվելու հետ մեծ հույսեր էր կապում։ Իսկ Երևանում հուսահատությունը ավելի է սաստկանում, «ազգին պետք գալու» «մուրազն» էլ լիովին ի դերև է ելնում, ու այլևս հուսադրող ոչինչ չի մնում, ուստի և ավելի են սրվում հոգեկան ողբերգությունն ու հիվանդագին վիճակը։

Աբովյանը 1843—ին Թիֆլիսից փոխադրվել էր Երևան ազատվելու համար հալածանքից, չարակամություններից («Աստի և նախանձ՝ չարակամութին իմոցս պաշտոնակցաց զրկեալ զիս բռնի՝ յորդեգրաց իմոց պատճառ եղեն ինձ թողուլ զՏփխիս և հեռանալ» — էջ 59) հույս ունենալով Երևանում այդ ամենից ազատ ծառայել լուսավորության գործին։ Բայց Երևանում այդ բոլոր չարիքները քառակի ուժով են թափվում Աբովյանի գլխին։ Ի՞նչ անել։ Կազան տեղափոխվելը խափանվում է։ Վերադառնալ Թիֆլի՞ս. բայց չէ՞ որ հինգ տարի առաջ էր այնտեղից սարսափահար փախել։ Բակունցն, ահա գրում է, որ կար մի ելք՝ փախուստ, բայց ոչ թե ետ՝ Թիֆլիս, այլ ավելի անմատչելի վայրեր։

Աբովյանր հրաժարվում է Երևանի գավառական ուսումնարանի տեսչի պարտականությունից, 1848 թ. մարտի 30—ին սկսում է հանձնել գործերը նոր տեսուչ Տուրկեստանովին և հանձնումը չավարտած ապրիլի 2-ի առավոտյան վաղ տնից դուրս է գալիս ու անհայտանում։

Բակունցը հատուկ ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որը անհայտացումից առաջ «Աբովյանը» մոտ երեք օր սենյակից դուրս չի եկել, շորերը չի հանել, մտածել է, գրել և ծխել իր երկար չիբուխը,– այսպես են նկարագրում նրա վերջին օրերը թե′ տնեցիները և թե′ պաշտոնական հաղորդագրությունը... Դորպատի ստուդենտը երեք օր ու գիշեր հազար անգամ քննել է իր անցած ճանապարհը, այն, ինչ սպասում էր իրեն և միշտ էլ հանգել մի հուսահատ եզրակացության, որ հարկավոր է բոլորը թողնել և անակնկալ առիթից օգտվելով գտնել «նոր տուն և նոր հայրենիք», որի համար պետք է թողնել Թիֆլիսը, տունը, դպրոցի կիսատ գործերը, որովհետև միևնույն է, այնտեղից երբեք նա հետ չպիտի դառնար, և իր թշնամիներից ոչ մեկի ձեռքերը այնքան երկար չէին՝ մինչև այնտեղ նրան հասնելու» (ն. տ., էջ 55)։

Բակունցը բերում է նաև վկայություններ այն մասին, որ Աբովյանը տարբեր առիթներով ցանկություն է հայտնել Հայաստանից հեռանալու։ Դեռևս նախքան Դորպատ մեկնելը նա որոշած է եղել բոլորովին տեղափոխվել Վենետիկ (ի դեպ, Թուրքիայի միջով)։ Դորպատից հետո նրա փախչելու մտադրության մասին ասվածը հիշատակեցինք։