Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բակունցը բերում է նաև Աբովյանի անհայտացմանը անմիջապես հաջորդած ժամանակաշրջանում եղած կարծիքները, որոնց մի մասը հանգում է այն բանին, որ Աբովյանը կենդանի է, գտնվում է Տաճկաստանում կամ մի այլ տեղ, փոքր մասը՝ որ Աբովյանը ինքնասպան է եղել, գրողը ցույց է տալիս նաև, որ մի ադրբեջանցու կողմից սպանվելու կամ Սիբիր աքսորվելու մասին խոսակցությունները ուշ շրջանի են վերաբերում և անհիմն են։

Գրողը նաև այլ վկայակոչումներ է անում, այդ թվում և այն, որ Արաքսի ափին, նորվիրապի մոտ գտնված երկարաճիտ կոշիկը, ըստ Աբովյանի կնոջ հավաստման, իր ամուսնունն է եղել, Բակունցի կարծիքով Արովյանը կոշիկները հանել ու թողել է ափին հետքերը կորցնելու համար։

Մենք հակիրճ ներկայացրինք Բակունցի ուսումնասիրության բովանդակությունը, որը ինչ—որ չափով գեղարվեստական մարմնավորում պետք է ստանար նրա վեպի մեջ, և մեզ թվում է, որ ստացած է եղել վեպի ամբողջական բնագրում։

Վեպի պահպանված, փաստորեն, երկու հատվածներում այս բովանդակության մեծ մասը չկա։ Առաջին մասում դորպատյան միջավայրում ուսումը դեռևս շարունակող Աբովյանը երկրորդ մասում միանգամից ընտանիքի հետ Երևանում է գտնվում որպես գավառական ուսումնարանի տեսուչ։ Շուրջ 10 տարվա ընդմիջում կա։ Ամենից առաջ, չկա Աբովյանի Թիֆլիսում գործավարած տարիների որևէ նկարագիր, մինչդեռ այդտեղ են սկսվել նրա մանկավարժական աշխատանքը, ընդհարումները շրջապատի հետ, այդտեղ է նա մտերմացել տեղի գերմանական համայնքի հետ և ամուսնացել։ Այս ամենը ինչ-որ կերպ պետք է որ արտացոլված լինի Բակունցի վեպում, այլապես նրա հերոսի երևանյան կյանքը մնում է բոլորովին օդից կախված։ Եվ ապա, արդեն երևանյան այդ կյանքում կարևոր են օտարացումը կնոջից, ընդհարումները տեղի աստիճանավորների հետ, ճանապարհորդությունները Երևանի նահանգում, հայ գյուղացիության ծանր վիճակը, հիասթափությունը ցարական տիրապետությունից, հայրենակիցների սառը, նաև թշնամական վերաբերմունքը իր նկատմամբ, հոգեկան անտանելի պահերը, փախուստը (որը «գագաթնակետն էր նրա մինչ այդ արած բազմաթիվ ճիգերի») ։

Վեպն, ըստ երևույթին, ավարտվել է 1848 թ. ապրիլի 2—ի դեպքերի պատկերմամբ։

Կարևոր է այն, որ վեպի պահպանված հատվածները արդեն իսկ ենթադրում են այդ ամենի նկարագրումը։ Դորպատում Բակունցի Աբովյանը մի շարք առիթներով (կռիվը կամ արջի մոտ, չերքեզ զինվորի ծանր վիճակը, ռուս ձկնորս Վասիլիի հետ հանդիպումը, ուսանողների տրամադրությունները) հակացարական լիցք է ստանում, ըստ գրողի ուսումնասիրության, դա պետք է ավելի մեծ չափերի հասներ Հայաստանում։

«Գործ Մայրանա» գլխում Աբովյանի և կնոջ օտարացման մասին կան ակնարկներ, որոնք պետք է զարգացում ապրեին։

Մի խոսքով ամեն ինչ ցույց է տալիս, որ Բակունցի պատկերացմամբ իրական Աբովյանի և իր հերոս Աբովյանի անհայտացումը եղել է փախուստ, որը աստիճանաբար նախապատրաստվել է Աբովյանի շուրջ քսան տարվա կյանքի դրվագներով։

Այսպես, հնարավորին չափ փորձեցինք ներկայացնել, թե ինչպիսին պետք է լիներ և ինչպիսին է, հավանաբար, եղել Բակունցի «Խաչատուր Աբովյան» պատմավեպը և նրա գլխավոր հերոսը։

Այս ամենից տարբեր հարց է այն, թե որքանո՞վ էր իրականությանը մոտ, որքանո՞վ էր հիմնավոր Բակունցի տեսակետը Աբովյանի անհայտացման վերաբերյալ։