Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբովյանի «անհայտ բացակայման» մասին մի շարք կարծիքներ են հայտնվել, բոլորն ըստ «բացակայման» պատճառաբանությունների կարելի է երկու խմբի բաժանել․

ա) Ներքին պատճառների խումբ. «բացակայումը» պայմանավորել են իր՝ Աբովյանի կայացրած վճիռով, որն արդյունք է եղել նրա հոգեկան-մտավոր ներքին զարգացման ու վիճակի։ Ըստ այսմ, Աբովյանի մի շարք անգամ վկայված հոգեկան ծանր կացությունը՝ Դորպատից Կովկաս գալուց հետո, Թիֆլիսում ու մանավանդ Երևանում պատճառ է դարձել, որ գրողը փախուստի կամ ինքնասպանության վճիռ կայացնի և իրագործի։ բ) Արտաքին պատճառների խումբ. ըստ այսմ, Աբովյանի հոգեկան ծանր կացությունը մի կողմ է դրվում, և նրա «բացակայումը» բացատրվում է Աբովյանի ներքինից անկախ, ուրիշների կայացրած վճիռով։ Ասում են, որ ինչ-որ մեկը խանդի հողի վրա կամ ունեցած պարտքը վճարած չլինելու պատճառով որոշել է սպանել Աբովյանին և ի կատար է ածել իր վճիռը։ Կամ, որ ինչ-որ պաշտոնյա մարդիկ որոշել են Աբովյանին աքսորել Սիբիր և կատարել են իրենց այդ որոշումը։ Կարծիքների այս երկրորդ խումբը բացառում է Աբովյանի որևէ մասնակցությունը իր «անհայտ բացակայման» վճռի կայացմանը։ Մի կողմ են դրվում Աբովյանի ներքին զարգացումը, նրա խառնվածքի, բնավորության հայտնի գծերը, ապրած ողբերգությունը որպես ներքին վճիռ կայացնելու ազդակներ, և հարցը լուծում են այդ ամենից անկախ կայացված արտաքին մի որոշումով։ Այդ կերպ, մի պարտքատեր, խանդով այրված մի ամուսին կամ թշնամանքով բորբոքված մեկը կարող էր սպանել ոչ միայն Աբովյանի պես հոգեկան հուզումներով փոթորկվող մեկին, այլև որևէ մարդու, որն իր կարծիքով պետք է սպանվի։

Նույնը և Սիբիր աքսորելը, այս տեսակետը պաշտպանողները չեն կարող ասել և չեն ասում, թե Աբովյանին աքսորել են այն պատճառով, որ նա ներքին հուզումներ ու ողբերգություն է ունեցել։ Հազարական նկատառումներով աքսորում էին տարբեր խառնըվածքի անձանց, և եթե համապատասխան մարմինները աքսորելու լինեին Աբովյանին, բնականաբար, հաշվի չէին առնի նրա ներքին ծանր վիճակ ունենալու կամ չունենալու խնդիրը։

Բակունցի տեսակետը, ինչպես դժվար չէ նկատել, ներքին պատճառների խմբին է պատկանում, ըստ այդմ, Աբովյանի հեռացումը միակ հնարավոր ավարտն էր նրա կյանքի ու գործունեության ամբողջ զարգացման։ Եվ գրողը վեպում պատկերել է իր հերոսի հենց այն զարգացումը, ներքին մի շարք պատճառների առաջացումը, որոնք նրան պետք է հանգեցնեին հեռացման վճիռ կայացնելուն։ Այդ համոզմանը Բակունցը հանգել է բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունից, Աբովյանի մասին տարիներ խորհելուց հետո և ոչ միայն խորամուխ ուսումնասիրողի իր տրամաբանությամբ, այլև գրող-հոգեբանի զգացողությամբ։ Գրողն իր եզրակացությունները հանելիս այնքան զգույշ է եղել, այնպիսի մեծ պատասխանատվություն է զգացել իր ամեն մի ասածի նկատմամբ, որ անհրաժեշտ փաստերի բացակայության դեպքում խուսափել է անգամ ենթադրություն անելուց։ Օրինակ, նա գրում է. «Բայց մենք առայժմ չենք պնդում, թե նա հաջողությամբ անցել է սահմանը։ Այդ մասին առայժմ չկան ստուգված փաստեր, որոնք հաստատեին նրա հաջողությամբ սահմանն անցնելը։ Հետագա ուսումնասիրության խնդիրն է՝ եղած աղոտ հետքերով պարզել Աբովյանի վախճանը սահմանից այն կողմը» (էջ 55)։

Այսպիսով, Բակունցն առկախ է թողնում Աբովյանի հեռացումից հետո նրա ճակատագրի հարցը, գուցե ճանապարհին սպանել են կամ ինքն ինչ-որ տեղ որոշել է ինքսպան