Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեպի մեջ եղած պատումների, պատկերումների մեծ մասը նույնպես ունեցել է իր նախապատմությունները։ Այլ խոսքով, Բակունցը իր գեղարվեստական երկի հենքը այս անգամ էլ շերտ առ շերտ կառուցել է իրական փաստերի աղյուսներից, իհարկե, այդ աղյուսները պատրաստելով անցյալից պահպանված «կավից», դրանք թրծել է իր ստեղծագործական վառարանում։

Վեպը և դրան նախորդող աշխատությունը գրելու համար Բակունցը 1930-32 թվականներին եռանդագին ուսումնասիրել է այն ժամանակ Աբովյանից և Աբովյանի մասին տպագրված բոլոր նյութերը, նաև ժամանակաշրջանին վերաբերող շատ գրքեր ու այլ նյութեր, ապա երկար ժամանակ քննության է առել բազում անտիպներ՝ Աբովյանի ձեռագրերը, ձեռագիր նյութեր Աբովյանի մասին, զննել է Հայաստանի պետական դիվանատան, Մատենադարանի (այն ժամանակ Վաղարշապատում էր) բազմաթիվ վավերագրեր։

Պահպանված է Հայաստանի պետական դիվանատան «Արխիվային նյութերի ուսումնասիրությամբ զբաղվողների մասին» վերնագիրը կրող Բակունցի քարտը՝ գրված 1931 թ, սեպտեմբերի 6-ին գրողի ձեռքով։ Այնտեղ ուշագրավ են հետևյալ երեք հարցերի պատասխանները. «Աշխատանքի թեման - Խաչ. Աբովյանի կյանքը: Ի՞նչ նպատակով է կատարվում աշխատանքը-Պարզելու նրա կյանքը, գրական գործունեությունը: Ի՞նչ արխիվային նյութերի ուսումնասիրությամբ է ծրագրում զբաղվել-1840-1848 թ. Երևանի քաղ. վարչ-յան, դպրոցների և այլն» («Գրական թերթ», 1979, № 24)։

Բակունցն իր աշխատության և վեպի պահպանված մասերի համար օգտագործել է հավաքած նյութի մի մասը, բայց նույնիսկ դրա մեջ կան այնպիսի փաստաթղթեր, որոնք այսօր անհետացած են և առկա են միայն գրողի «Խաչատուր Արովյանի «անհայտ բացակայումը» աշխատության մեջ կամ օգտագործված են վեպի պահպանված հատվածներում։

Այդ հատվածներում եղած հերոսների ու դրվագների որոշ նախակերպարներ ու նախապատմություններ այժմ շատ դժվար է հայտնաբերել, հաճախ անհնար։ Բայց նրանց մի մասի վերականգնումը հնարավոր է, և այդ ուղղությամբ որոշ աշխատանք կատարվել է (տե′ս էդ. Զրբաշյանի, Լ. Միրիջանյանի, Պ. Հակոբյանի մեկական հոդվածները՝ «Ակսել Բակունցի ստեղծագործությունը» [ժողովածու], 1959, էջ 119-171, «Գրական թերթ», 1959, № 42, «Բանբեր Երևանի համալսարանի», 1980, № 2), այժմ արվածի վրա ավելացնում ենք մեր ջանքերը։

«Լիբեր Արմենիեր» և «Դեպի լյառն Մասիս» հատվածներում Բակունցը հաճախ է օգտագործել Խ. Աբովյանի Դորպատյան օրագրերը, ինչպես և ուղեգրությունները Արարատ բարձրանալու վերաբերյալ։ Նույն մասերում օգտագործված են նաև այլ նյութեր գերմանական միջավայրի, ուսանողական բարքերի, Դորպատի վերաբերյալ, որոնք առայժմ չեն հայտնաբերված։

Քանի որ Բակունցի վեպի գլխավոր հերոսը Աբովյանն է, կնշանակի ամենից առաջ պատմական այդ անձնավորությանն է գրողը գեղարվեստական կերպարի վերափոխել։ Ստորև կնշենք Աբովյանի կյանքից մի շարք իրական փաստեր, որոնք Բակունցի գրչի ուժով գեղարվեստական նկարագրության են փոխվել։ Իսկ այժմ վեպում փաստականի գեղարվեստական մարմնավորումը ավելի դյուրընկալելի ներկայացնելու համար տալիս ենք Խ․ Աբովյանի կյանքի այն շրջանի համառոտ ժամանակագրությունը, որն առնչվում է Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպի հետ։