Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զասն այսպիսի անգիտութեան նոցա։ Եւ յայն հարցումն Րուդոլֆի տե՛ս զի՞նչ պատասխանէ բարերարն իմ։ «Սիրելի իմ Րուդոլֆ, չեն նոքա արք վատթարք, այլ ընդհակառակն բարի, ողորմելի, անմեղութիւն նոցա և անգիտութիւն տայ նոցա առնել զայս։ Նոքա չե՛ն կրթեալ ի մանկութենէ որպէս մեք, ոչ ուսեալ զկրօնս, վասն որոյ և ներելի է նոցա։ Ես ոչ տամ նոցա այս ի մեղս, այլ չար անձանց ոմանց՝ որք այսպէս խանգարեն զողորմելի ազգս այս։ Եւ յիս դարձեալ՝ «մի՛ վշտանայք, սիրելի իմ, յայս Աստուած հոգասցէ և վասն ազգի ձերոյ և տացէ նոցա երբեմն ուղղիլ և կարգաւորիլ։ Յանկիրթ անձանց չէ պարտ վշտանալ, այլ մանաւանդ ներել նոցա», և այլն։ Ցիւլիէ տա ինձ կայֆայ, այլ ինձ լաւ էր յայսմ պահու մահադեղ ընդունիլ ի տեղի կայֆայի» (ն. տ., էջ 118—119)։

«Դեպի լյառն Մասիս» հատվածի առաջին մասի և այս գրանցման համեմատությունից տեսնում ենք, որ Աբովյանը Բակունցին գրեթե պատրաստի նյութ է մատուցել իր վիպական կերպարի ամբողջացման և վեպի այդ տպավորիչ հատվածը ստեղծելու համար։

Ասենք նաև, որ երկու հայ գյուղացիների (Ակոռի գյուղից)՝ Պարրոտի խմբի ուղեկիցների, երդմնազանցությունը նույնպես իրողություն է։ Ռուսական պետական պաշտոնյա Ի. Շոպենը (ծագումով ֆրանսիացի), որը 1829 թվականից ուսումնասիրում էր Հայկական մարզը նրա տնտեսաաշխարհագրական նկարագրությունը հրատարակելու նպատակով, ջանքեր է թափել կառավարությանը և հասարակայնությանը համոզելու, որ Ֆ. Պարրոտը Արարատի գագաթ չի հասել։ Այդ ջանքերից էին գյուղացիներին երդրմնազանցության մղելը։

Վեպի նույն հատվածի վերհուշային այն մասը, որտեղ նկարագրված է վերելքը դեպի Արարատի գագաթը և Աբովյանի ապրումները, Բակունցը գրել է աչքի առաջ ունենալով Աբովյանի երեք ուղեգրությունները։ Նրանցից երկուսից ստորև փոքրիկ քաղվածքներ կբերենք համեմատության համար, բայց նախքան այդ ասենք, որ «Դեպի լյառն Մասիս» ամբողջ հատվածն է իրականից, այսինքն՝ Աբովյանի տարբեր երկերի հիման վրա պատկերված։ Օրինակ, ադպիսին է Ս. Հակոբի վանքի պատկերումը։ Աբովյանի ուղեգրություններից է առնված նաև այն, որ երրորդ վերելքի ժամանակ է Պարրոտի խումբը հասնում գագաթին («Երրորդ վերջին էր») և այլն։ Վեպի այդ հատվածում կարդում ենք (էջ 374), «Սեպտ. 27— Հայելի լեռան շողա ի թևս մարմանդաբեր Զեփյուռոսի..․»։ 1829 թ. Աբովյանի գրած «Ճանապարհորդութիւն պարօն պրօֆեսսօր Պարրօտի և Խաչատուր դպրի Ապովեան» ուղեգրության մեջ կա այսպիսի տեղ, «համբարձեալ ի թևս մարմանդացեք Զեփիւռոսին...» (Խ․ Աբովյան, Երկերի լիակատար Ժող․, հ. 7, 1956, էջ 17), որ և օգտագործել է Բակունցը։

«Դեպի լյառն Մասիս» հատվածում որոշ արտահայտություններ էլ Բակունցն առել է Աբովյանի չափածոյից։ Օրինակ, Աբովյանն ունի «Երեւակայութիւն ի վերա ճանապարհորդութեան ի լեառն Արարատ» բանաստեղծությունը 1829, սեպտեմբերի 28 թվականը կրող։ Նրա առաջին տողերն են.

Ի հանդարտասիւգ մարմանդս՝ հողմաբեր մեղմիկ զեփիւռին
Դիմեցի երբեմն զբօսնուլ ի ծոց Մասսեաց սուրբ լերին։

(Խ․ Աբովյան, Երկերի լիակատար ժող.,
հ. 1, 1948, էջ 47)։