Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ յոթերորդ քառատողի առաջին տողն է.

Ո՞ւր ես՝ աոաւօ՛տ, ուր քաղցր արշալույս արև՛ գերարփին։


Այս երեք տողերը միացնելով Բակունցը կազմել է եռատող և դարձյալ նոր ուղղագրությամբ գրել «Դեպի լյառն Մասիս» հատվածում (էջ 376). միայն վերջին տողից հանել է երկրորդ ուր-ը։

Հաճախ էլ աբովյանական վավերագրի ոգու հիման վրա Բակունցը վերականգնում է այն, ինչ ուղեգրություններում բառացի գրված չէ, բայց պետք է որ եղած լինի այդպես։ Օրինակ, Աբովյանի նույն «ճանապարհորդություն» հոդվածում Արարատի գագաթին գտնվելու առաջին պահերի վերաբերյալ կա այսպիսի նկարագրության. «Անդանօր զուարճանայր սիրտ իմ յերկուղալից ցնծութիւն, և ամենայն ոսկերք իմ ի խնդութիւն պարարէին, համբուրեալ զտեղի Հայրենի գաւառին։ Անդ սաստկանայր ի միտ» իմ խորին մտահոգութիւն և աչք իմ ի ներքին յուզմանը խորհրդոց յարտասուս համակեալ զբարձրեալն Աստուած օրհնէի... Մինչ ձեռն էարկ պարօն պրօֆեսսօրն ի ձեռն օդաչափական գործեաց իւրոց չափեր ի բարձրութիւն լերին, ես ամենայն ջանադրութեամբ այսր անդր յածէի ի ձեռս բերել գիր ինչ ի նշան ապառնեաց, բաց յահադին կուտակութենէ ձիւնաշեղջ սառուցուց՝ ոչինչ կարացի գտանել։ Հուսկ ուրեմն ի վերադառնալն՝ առևալ զփոքրիկ խաչն՝ զոր բերևալ էաք ընդ մեզ ի վանացն սրբոյն Յակոբայ, կառուցի ձեռամբ իմով ի գագաթան լերին ի հիւսիսային կողմանէ։ Առի ընդ իս և զկտոր մի ձեան, որ թէ և հալեցաւ, բայց զջուրն յետ քանի մի աւուրց հասուցի ի սուրբ Աթոռն մեր» (Խ․ Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 7, 1956, էջ 18)։

Աբովյանի գրածը գագաթին ոտք դնելու կապակցությամբ իր ապրած զգացմունքների մասին Բակունցին հիմք է տվել գրելու այն կտորը, որն սկսվում է այսպես, «Նա փակել է աչքերը և դեռ չի նայում, չի ուզում նայել․ դեռ դողում է սիրտը հուզմունքից...» և այլն։ Իսկ ուղեգրության մեջ Պարրոտի ծանրաչափի հիշատակությունը առիթ է տվել. որ Բակունցը գրի. «Վերհիշեց այն վայրկյանը, երբ ինքնամոռացության մեջ գրկեց ակուռեցուն, ապա փաթաթվեց Պարրոտի վզով.

Գերմանացին ասաց.

— Զգույշ, ծանրաչափը կջարդեք»։

Աբովյանի «Նոր վկայություն Դորպատի պրոֆեսոր պարոն ֆոն Պարրոտի՝ Արարատի գագաթը իսկապես բարձրանալու մասին» գերմաներեն գրած հոդվածում (1835 թ.) կա այսպիսի հատված. «Նմանապես դրանից հետո, երբ լեռան գագաթից մի սառույցի կտոր վերցրի, որովհետև այնտեղ ուրիշ ոչինչ չգտա, և հալած վիճակում՝ շշով էջմիածնի վանքը տարա, հասկացող և բարեպաշտ եպիսկոպոսներից ու վարդապետներից ոմանք վերցրին այն և ցողեցին իրենց դեմքերը, ոմանք էլ պահեցին այն որպես սրբություն» (ն. տ., էջ 33)։

«Դեպի լյառն Մասիս» հատվածում Բակունցն այս կտորը օգտագործել է խտացնելու համար վանականների հատկապես բացասական գծերը. «Ով կազմակերպեց. Հովհաննես վարդապե՞տը, լուսարար Սիմեո՞նը, թե այն կիսախելագար եպիսկոպոսը, որ կատաղի հայհոյանքով արձակվեց նրա վրա, երբ ներս մտան վանքի բակը։ Հայհոյեց, բայց երբ վանքի դպիրը ծոցից հանեց այն սրվակը, որի մեջ արդեն հալվել էր Արարատի գագաթից վերցրած սառույցը, այդ կիսախելագար վանականն առաջինը հարձակվեց