Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Կը տեսնեմ, կը տեսնեմ բաղձանքը հոգուս... Դիտե՛, սքանչացիր։ Մշուշի մեջ կը տեսնե՞ս Խոր Վիրապի գմբեթները․․․ Հոն տապակվեցավ վիրապի մը մեջ, օձերու և կարիճներու ընկեր եղավ և գաղափարը չուրացավ սուրբն Գրիգոր Լուսավորիչ։ Կը հիշե՜ս, Ագաթանգեղոսի զգայացունց տողերը։ Ա՜խ, սրբազան երկիր, աշխարհ դրախտավայր․․․

Անթանոսյանը մտաբերեց այն, ինչի մասին պատմիչը զարզանդով է գրել։ Ձագարը, հասկանո՞ւմ եք, խրել են Խոր Վիրապի կալանավորի հետույքի մեջ և հալած արճիճ լցրել։ Տրդատ 10 թագավորը խոզ է դարձել և եղեգնուտում ապրել, մինչև երազը։

Եթե Բալիքյանն իմանար, թե ի՜նչ զոհողությամբ, և ի՜նչ տանջանքով է կատարում նա նրա ցանկությունը՝ Արաքսից ջուր առնել, ոչ թե Արաքսից հոսող առուներից, այլ Մայր Արաքսից, նրա սառն կոհակներից, որոնք գալիս են Բինգյոլից, հեռուներից, շա՜տ հեռուներից...

- Խնդրածս չմոռնաք բերել... Ինքներդ վերցրեք Մայր Արաքսի ջուրեն։

Բլրակից իջան։ Հովնաթան Մարչը բլրակի գլխից մի անգամ էլ հետ նայեց եղեգնուտին․․․ Եվ երբ Անթանոսյանը ոգևորված 20 կանչեց այն մասին, թե՝

- Երկներ երկին և երկիր...- Մարչն ավելացրեց.

- Երկներ և ծով ծիրանի։

Արաքսը բլրակի ներքևով օձապտույտ դառնում էր, հանդարտ հոսում։ Միակ բարիքը, որ կտար գետն այդ ժամանակ, նրա սառը ջրերում լողանալն էր։

Հովնաթան Մարչը թաղիքի մեջ փաթաթած շշի խցանը հանեց և ծովը տեսնող լողորդի ուրախությամբ կռացավ ջրի վրա։ Անթանոսյանը հետևեց նրան՝ ձեռքին որսորդական հրացանը։

30 - Ստո՛պ...

Տեսարանը, ընթերցող, ծանր էր, շատ ծանր։ Ստոպ ասողը սահմանապահ կարմիր բանակայինն էր, որ հերթական պտույտն էր անում ափերով, և որը դեռ հեռվից էր տեսել նրանց։ Եվ ստոպ այն ժամանակ, երբ Մարչի փափուկ մատները Արաքսի ջրի սառնությունն զգացին... Դուք ծարավ եք, ձեր լեզուն խանձվում է ծարավից, թուքը չորանում է, դուք