Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա վրա և սրվակը խլելով, սկսեց ճակատին ու ձեռքերին քսել այն ջուրը, բերել էին Նոյյան տապանի սառցադաշտից» (էջ 370)։

Վեպի այս հատվածի վերջում Բակունցի գլխավոր հերոսը վրդովված հայրենակիցների սուտ վկայությունից նամակ է գրում իր ինչ—որ բարեկամի։ Այդ նամակի մեջ եղած արտահայտությունները, բառերը հաճախ առնված են Աբովյանի օրագրություններից․ բանաստեղծություններից, ինչպես նաև Գաբրիել ու Պետրոս Պատկանյաններին և կաթողիկոս Հովհաննես Կարբեցուն Աբովյանի գրած նամակներից։ Օրինակ, Աբովյանի անունից Բակունցի հյուսած նամակում այդպիսի արտահայտություն կա՝ «Անհաց, անշոր և անպաշար տարագրեցին ինձ․․․»: Աբովյանի «Սէր առ Հայրենիս» բանաստեղծության մեջ կարդում ենք․

Հայաստան իմ, քաղցրիկ Հայաստան,
Ճամբեցիր զիս անհաց, անպաշար, անդարման,
Անընկեր, աննպաստ․․․ (ն. տ., հ. 1, 1948, էջ 120)։


Պատկանյաններին Աբովյանի 1831 թ. գրած նամակում կա․ «Հայրենին իմ, որ անհաց և անշոր և անպաշար տարագրեց զիս» (ն. տ., հ. 10, 1961, էջ 134)։ Հովհաննես Կարբեցուն գրած 1832 թ. նամակում․ «Եթէ ես, որ այսպէս սիրէի զհայրենին, արտասուօք, անհաց, անպաշար ելի ի նմանէ» (ն. տ., հ. 10, էջ 141)։ Ինչպես տեսնում ենք, բերվածը դորպատյան շրջանի Աբովյանի համար շատ բնորոշ արտահայտություն է, և այն օգտագործել է Բակունցը (Աբովյանի այդ խոսքերը վերաբերում են 1829 թ․ դեկտեմբերի 5—ին էջմիածնից մեկնելու նախօրեին Հովսեփ վարդապետ Տեր—Մարուքյանի (Վեհապետյանի) արարքին, երբ էջմիածնի այդ փաստական տնօրենը Աբովյանից խլում է նրա իրերը)։

«Դեպի լյառն Մասիս» հատվածում գրված հիշյալ նամակի մեջ բնորոշ աբովյանական բառեր ու արտահայտություններ են նաև խստապարանոց օհ․, մեղանչիմ, մեղանչիմ չարաչար, Խաչիկն անհայրենացյալ և այլն։ Օրինակ, վերջինը առկա է Պատկանյաններին Աբովյանի գրած վերոհիշյալ նամակում․ «Ա՜խ, անոյշ բարեկամը իմ, մի՛, մի՛ այսպիսի շամանդաղ ամպոտեսցէ զմաքուր միտս ձեր, ուր յաւիաեան կա և, մնայ Խաչիկն անհայրենացեալ» (ն. տ., հ. 10, էջ 153)։

«Լիբեր Արմենիերի» և «Դեպի լյառն Մասիս» հատվածի դորպատյան պատկերումներում շատ բան էլ պարզելու ենթակա է. օրինակ, հայտնի չէ, թե առաջնակարգ արվեստագետի վարպետությամբ պատկերված ոստիկանապետ Կրուչինսկին, այրի Աշինգերը կամ Մատիլդան, ռուս ձկնորս Վասիլին, ուսանողներ Օտտոկար Դրիշը, Թոմաս Բրյուլը, Տիդելենը և մյուսները արդյո՞ք ինչ—որ աղբյուրներում հիշված անձնավորություններ են, թե՞ Բակունցի երևակայության պտուղները։ Նույնը և՝ Կրուչինսկու զեկուցագիրը, մանավանդ գերմանական ու էստոնական ժամանակի բարքերի, կենցաղի՝ իրենց մանրուքներով, տպավորչական բազմագունությամբ ու իրապատում ընկալումով՝ այսօր զարմացնող բակունցյան պատկերումները արդյոք որևէ աղբյուր ունեցե՞լ են, թե ոչ։ Կարծում ենք ինչ-որ չափով պետք է ունեցած լինեն։

Շատ բան էլ, անկասկած, Բակունցի գեղարվեստական երևակայությամբ ստեղծված նմանապատումներ են։ Բակունցը մեծապես օժտված էր գրական նմանեցման