Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնորհքով, օրինակ, պատմում են, որ նա ընկերների մոտ կարդացել է իբր միջնադարյան ձեռագրերից քաղված մանրապատումներ, և ունկնդիրները հավատացել են, որ դրանք իրոք միջնադարյան են, հետո պարզվել է, որ գրել է Բակունցը։

Իհարկե, մանրամասն հետախուզման դեպքում Բակունցի դորպատյան պատկերներում կարելի է գտնել անճշտություններ։ Մեկ օրինակ։ «Լիբեր Արմենիերի» 14-րդ մասում կա այսպիսի հատված. «Մատիլդան նայում էր այնպիսի սնահավատ երկյուղով. կարծես այդ նկարն էլ սուրբ էր, և նա տատանվում էր՝ խաչակնքե՞լ թե համբուրել» (էջ 346)։ Էստոնիայի գրեթե բոլոր գերմանացիներն ու էստոնացիները Աբովյանի ժամանակ բողոքականներ էին, և Աբովյանի Դորպատյան օրագրերից էլ իմանում ենք, որ նրա շրջապատի գերմանացի ու գերմանուհի ծանոթները հիմնականում բողոքական էին։ Ուստի վեպում Մատիլդան էլ գերմանացի մյուս հերոսուհիների պես պետք է բողոքական լինի, իսկ բողոքականները, ինչպես հայտնի է, չունեն պատկերապաշտություն, նրանք չեն խաչակնքում, պատկեր չեն համբուրում: Բակունցը՝ վերը բերված հատվածում երևի նկատի չի առել այս հանգամանքը, և Մատիլդան նկարագրված պահին, թերևս, ավելի հայ գեղջկուհու հոգեբանությամբ է ներկայացված, քան քաղաքաբնակ լութերական գերմանուհու։

«Գործ Մայրանա դստեր Մկրտումի» գլուխը նույնպես փաստական նյութերի վրա բազմաթիվ հենակետեր ունի։ Նախ իրական անձնավորություն է Մայրանը կամ Մարիամ Մկրտումյանը, որ Աբովյանի քեռու դուստրն է, իրողություն է նրա ողբերգական պատմությունը։ Մայրանի պաշտոնական ամուսինը իրոք եղել է Նիկողայոս Սուքիասյանց անուն-ազգանունով մեկը, հանձին մի այլ կարևոր հերոսի՝ Հարությունի կամ Միրզամի Բակուցը նկատի է ունեցել Աբովյանի իրական հորեղբայր Հարությունին, իրականից են առնված նաև վեպի այնպիսի հերոսներ, ինչպես՝ Աբովյանի մայրը՝ Քանաքեռում, կինը, Ջանիբեկովը, Բարսեղ եպիսկոպոսը (Կեսարացի) և այլն։ Այս գլխում շատ դրվագներ կան, որոնք նույնպես առնչված են այս կամ այն կարգի փաստական նյութի, վավերագրի հետ։ Օրինակ, Հին Երևանի, նրա Չարսու Բազարի, շրջակայքի նկարագրությունները, որոնք իրենց իրապատում, վառ գույներով բացառիկ են հայ գրականության մեջ, գրողի կողմից նաև ինչ-որ աղբյուրներ թերթելու հետ են կապված, թեև, հավանաբար, գլխավորը գրողի տաղանդի շողարձակման արդյունքն է եղել։ Այդ առթիվ բերում ենք Վ. Ալազանի մի հիշողությունը, «Գրական թերթում» տպագրելու համար Բակունցն ինձ ներկայացրեց Աբովյանի կյանքից գրած իր վեպի մի հատվածը՝ «Իրավան Չարսու Բազար» վերնագրով։

Երբ ես զարմացած հարցնում էի, թե նա ինչպե՞ս այդքան հմտորեն նկարագրել է Աբովյանի ժամանակակից շուկան, Բակունցը ժպտալով պատասխանեց, որ այդ առթիվ նա քրքրել է 19-րդ դարի առաջին կեսի բազմաթիվ վաճառականների և առևտրականների «դավթարները» («Գրական թերթ», 1959, № 25)։

Սա հասկանալի է, գրողը շատ բան պետք է թերթած լինի։ Բայց և Բակունցի պատասխանը նրա վեպի այդ հատվածում եղած գունեղ պատկերների ստեղծման ամբողջական բացատրությունը չէ, այլ փաստորեն հեղինակի մասնակի խուսանավումն այդ բացատրությունից։ Տարբեր բնույթի «դավթարներում», գրքերում շուկաների և այլ վայրերի նկարագրություններ շատ կան, բայց ոչ մեկը բակունցյան Չարսուի գույներն ու գրավչությունը չունի։ Ստորև բերում ենք այդպիսի մի նկարագրություն, որ բավական վստահելի է՝ ճշգրտությամբ, «Իր արտաքին տեսքով Երևանի շուկան նման է