Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանրապես ասիական շուկաներին։ Քառանկյունի քարվանատներ, որոնց շուրջը դասավորված են դեպի վեր ու վար շարժական դռներ ունեցող փոքրիկ սենյակներ, չարսի կոչվող ծածկված ու մութ սրահներ՝ ոչ մեծ խանութներով կամ արհեստավորների արհեստանոցներով, շարժական կրպակներ կամ, ավելի ճիշտ, արկղներ, որոնցում մրգավաճառները ցերեկով նստում են հրապարակում, իսկ երեկոյան փակում են իրենց ապրանքը, ախոռներ, իջևաններ․ ահա և Երևանի ամբողջ շուկան։ Առևտրականները չունեն ոչ ելից ու մտից մատյաններ, ոչ կարգ ու կանոն․ դեղապրանքներ վաճառողի մոտ կարելի է գտնել ճենապակե ամաններ, և նույնիսկ յուղով կճուճ, իսկ կավե ամաններ վաճառողի մոտ կարելի է գտնել և՛ գորգեր, և՛ կարպետներ, և՛ պարան, և՛ տարբեր սերմեր և այլն», «Այստեղ առևտրի բոլոր տեսակների մեջ ամենից զարգացածը գործվածքներով ու զարդարանքներով կամ, ինչպես այստեղ են ասում, վաճառականական ապրանքով կատարվող առևտուրն է» (Ս. Զելինսկի, Город Эривань.— Сборник материалов для описания местностей и племен Кавказа, вып. 1, отд. 1, էջ 34—35․ ըստ Թ․ Հակոբյանի «Երևանի պատմությունը (1801—1879 թթ․)» գրքի, էջ 467—468)։

Այս նկարագրությունը կատարված է Աբովյանի անհայտացումից շուրջ 25 տարի անց. կարծում ենք, այդ ընթացքում շատ բան չէ, որ փոփոխված է եղել Երևանի շուկայում։ Դժվար չէ նկատել, որ Զելինսկու նկարագրությունը որքան ճշգրիտ, նույնքան էլ անգույն է Բակունցի նկարագրության համեմատ։ Այլ կերպ էլ լինել չէր կարող, քանի որ Զելինսկունը լուսանկար է, Բակունցինը՝ գեղանկար։

Հիշենք, որ Բակունցը Երևանի շուկայից բացի, նկարագրել է նաև Գորիսի շուկան («Կյորես») և նույնպես՝ վառ գույներով։ Եվ առհասարակ, «դավթարներ քրքրելու» խնդիրը թեև կարևոր է, բայց, երևի, ամենագլխավորը Բակունց—գեղանկարիչի ունեցած երևակայությունն է, նրա դրոշմն ու շունչը «Խաչատուր Աբովյան» վեպի այս մասում։

Ուշագրավ մի հանգամանք ևս. «Գործ Մայրանա դստեր Մկրտումի» գլխում Բակունցը ընդարձակ հատվածներ է բերել իբր իտալացի մի հեղինակից, որին անվանում է «Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլի, կապուցին վանական, որ ճանապարհորդել է Տրապիզոնից մինչև Պարսից ծոցը»: Այնքան հավաստի են թվում Ջիովանելլիի անունով արված նկարագրությունները, ծանոթագրությունը, նրա հետ կապված դեպքերը (օրինակ, Տրապիզոնում տեղի ունեցածը), որ ընթերցողը կասկած անգամ չի ունենում այդ աղբյուրի վավերականության մասին, և գրականագետները դա հավաստի աղբյուր էլ համարել են։

Մենք փորձեցինք գտնել այդ աղբյուրը․ երկար չարչարանքները արդյունք չտվեցին։ Ղ. Ալիշանը իր «Այրարատ» ուսումնասիրության մեջ (Վենետիկ, 1890, էջ 38, 311) հիշատակում է Ջեմելլի (Ճեմելլի) անունով XVII դարի իտալացի ճանապարհորդի, որն իրոք եղել է Երևանում և որոշ տեղեկություններ հաղորդել այս քաղաքի մասին։ Բայց դա ոչ Բակունցի հիշատակած անձն է, ոչ էլ նրա նկարագրությունները նման են Բակունցի բերածներին։

Արդյո՞ք մտացածին անձ է այդ Անտոնիո Ջիովանելլի հոգևորականը։ Առայժմ դա հաստատ ասել չենք կարող, բայց նման ենթադրության համար հիմքեք կան. օրինակ, այն, որ այդ հեղինակը, նրա գրառումները որպես աղբյուր չեն հիշված հին Երևանի