Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չի ուղղված

Գրական լեզվի կանոնին ներհակ բոլոր հեղինակային ձևերը, այնպիսիք, որանք սոսկ ենթադրել կարելի է, որ հեղինակային են (և ոչ խմբագրի, սրբագրիչի արածը կամ գրաշարի վրիպակը), թողնված են նույնությամբ։ Ինչպես, օրինակ, էջեր 448, 455 ունք, էջ 456 գնացել էր իմանա (փոխանակ՝ իմանալու), էջ 458՝ հարկավոր չի ներս մտնել (փաոխանակ՝ հարկավոր չէ), էջ 478՝ շտապում էր իմանա (փոխանակ՝ իմանալու) և այլն։ Սահակ Սերգեիչ անվանաձևը (էջ 454) նույնպես պահպանել ենք (թեև ճիշտ կլիներ՝ Սերգեյիչ-ը։

Պահպանել ենք նաև Լյոսդմիլլա Լվովնա և Սարրա Կասպարովնա անունների այժմ մնացած ուղղագրությունը՝ զույգ լլ և րր։ Չուղղեցինք, քանի որ չի կարելի լիովին բացատրել այդ անուններում հիշյալ զույգ տառերի առկայության ոճական որոշ արժեքը։

Բնագրում մեկ—երկու նախադասություն, թերևս, ինչ—ինչ թերիներ ունեն, բայց պահպանել ենք անխախտ։ Օրինակ․ էջ 464, տողեր 20—24. Ինչպես Հաստ Ներսես բեյը բառերով սկսվող նախադասությունը որոշ անկանոնություն ունի․ թողել ենք նույնությամբ։

Պահպանված է նաև հետևյալը.

էջ 418, տող 15. ԵԸ—ի բնագրում՝ նավթ ծախող Գևորգը—նախքան այդ (էջ 417) և դրանից հետո (էջ 432 ու հետո) նույն անձը կոչված է նավթավաճառ Գեորգի, Գևորգի Մինայիչ. ճիշտ համարեցինք թողնել այս անմիօրինակությունը, միայն մի տեղ (էջ 427, տող 18) բնագրի Գյորգին դարձրել ենք մյուսների նման՝ Գևորգի:

Էջ 424, տող 30, էջ 442, տող 34. ԵԸ—ի բնագրում՝ մեծամեծերը— ճիշտ կլիներ՝ մեծամեծները, բայց պահպանել ենք բնագրինը։

Էջ 432, տող 21. ԵԸ—ի բնագրում— բեդոն—ավելի ճիշտն է բիդոն, բայց պահպանեցինք բնագրինը։

Էջ 474, տողեր 30—31. ԵԸ—ի բնագրում՝ Նրան պահում էր շենը, որ ամենքից մոտիկն էր— այսօր ճիշտ կլիներ՝ որ ամենից մոտիկն էր ձևը, բայց գերադասեցինք չուղղել։

Էջ 485, տող 6. ԵԸ—ի բնագրում՝ Այդքան էր զանազան նրանց լեզուները- ժողովրդային խոսքից եկող այսպիսի անհամաձայնությունը (բայը եզակի—ենթական հոգնակի), որը սակավ դեպքերում չէ, որ հանդիպում է Բակունցի երկերում, այստեղ ևս չուղղեցինք (տե՛ս նաև մյուս երկերի Ծանոթագրություններում ուղղումների բաժինները)։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

«Կյորեսը» գրելու միտքը Ա. Բակունցին, հավանաբար, տվել է Ե. Չարենցը, որը ծրագրել էր Հայաստանի տարբեր մասերի վերաբերյալ բնութագրական երկեր ունենալ։ Այդ նպատակով նա առավել շնորհալի հեղինակներին խրախուսել է իրենց ծննդավայրի մասին գրելու։ Ինքը տվել էր առաջին օրինակը՝ գրելով «Երկիր Նաիրին»։ Այդպես ասպարեզ եկան՝ Վ. Թոթովենցի «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա», Գ. Մահարու «Մանկություն և պատանեկություն», «Երիտասարդության սեմին» երկերը, նաև «Այրվող այգեստաններ» վեպը, Մ. Արմենի «Հեղնար աղբյուրը»։ Այդ շարքի երկերից է Ա. Բակունցի «Կյորեսը»։

Ինչպես Բակունցի գրեթե բոլոր երկերը, «Կյորեսը» նույնպես հեղինակը ստեղծագործել է, այսպես ասած, իրականից։ Գորիսը իր տարբեր թաղերով մեկ բնակավայր է