Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին գրատան սենյակների մի մասը տրված է դեղատանը), կա հայոց եկեղեցին և այլն։ Մի խոսքով, «Կյորեսում» կատարված տեղապատկերումների զգալի մասի «բնորդները» դեռևս պահպանվում են։

Երբեմն «Կյորեսում» որոշ նկարագրովություններ կարող են կասկած առաջացնել իրենց իսկության նկատմամբ․ օրինակ, ըստ Բակունցի պատկերման «ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը», մինչդեռ այժմ գետը հոսում է ոչ թե Շենի մոտով, այլ քաղաքի բարձրության տակով։ «Կյորես» վիպակում գետի հոսքի բնույթը (Շենի կողմով) և հին, նահապետական, գյուղական Կյորեսի տակը ջրի քանդելը էական նշանակություն ունի. գրողն ուզում է ասել, որ ոչ միայն ժամանակը, պատմության անողոք ընթացքն են ոչնչացնում հին գյուղական Կյորեսը՝ հօգուտ քաղքենիական Գորիսի, այլ որ դրան մասնակցում է անգամ բնությունը՝ «հանձին» գետի։ Պարզվում է, որ այս դեպքում ևս Բակունցը իրողությունն է նկարագրել. նախկինում, գետը իրոք հոսելիս է եղել Շենի կողմով՝ աստիճանաբար քանդելով նրա տակը, վնասելով ափամերձ տներին։ Ձախակողմյան (Շենի) ափի քայքայման հետևանքով է, որ Շենից քիչ ներքև գտնվող ձախափնյա ժայռերը փլվել են գետի մեջ, մասամբ փակել ջրի ընթացքը։ Դրանից սկսել է ավազ կուտակվել գետի ձախ ափին՝ Շենի կողմում, և մասամբ փոխվել է ջրի հունը, գետը տեղաշարժվել է դեպի աջ՝ քաղաքի կողմը։

«Կյորեսում» տեղ գտած տեղանուններից միայն մի քանիսն էին անհայտ տարեց կյորեսեցիներին. օրինակ, նրանցից որևէ մեկը չհիշեց Հյումբաթի ձորը, որը ոչ միայն հիշվում է «Կյորեսում», այլև այդ վերնագրով ամբողջ ակնարկ ունի գրողը (տես այս հրատ. 1—ին հատորում)։ Ցույց տվեցին Քյումբաթի ձոր և բոլորովին ոչ այն տեղում, որտեղ Բակունցն է «տեղադրել» հին Շենի տվյալ թաղամասը։ Այն թաղը, որը գրողը անվանում է Հյումբաթի ձոր, տարեց կյորեսեցիները կոչում էին Շաքարամին ձոր, նաև՝ Քյալա Օհանի ձոր, որին կից է Տոռողի ձորը՝ Շենի վերջին թաղամասը։ Մեզ թվում է, որ Հյումբաթի ձոր անունը Բակունցը չի հնարել, հավանաբար ինչ—որ պատճառով մոռացվել է այն (այս մասին տե՛ս նաև Ա. Բակունցի Երկերի սույն հրատ. 1—ին հատորը, էջ 661—662)։

Չի բացառվում նաև, որ որոշ տեղանուններ ու անձնանուններ Բակունցը փոխել կամ «մշակել է»։ Օրինակ, «Կյորեսում» խոսք կա Դրնգանի ձորի մասին, այն ևս այնպես է պատկերված, կարծես Շենին է մոտ գտնվում։ Մեզ ասացին, որ այն վայրը, որ նկարագրել է Բակունցը իբրև Դրնգանի ձոր, իրականում կոչվել է Դինգանի ձոր, իսկ Շենից բավական հեռու ցույց տվեցին Դրնգդրնգանի ձոր։ Հավանաբար, գրողը որոշ «շտկում» է մտցրել Շենին մոտ ձորի անվան մեջ։ Կամ Քյալա այլալեզու մականունը գրողը թարգմանել է հայերեն, և Կյորեսի նշանավոր Քյալա Օհանը Բակունցի «Կյորեսում» հանդես է գալիս Ցուլ Օհան անունով։

Ընդհանրապես, «Կյորեսը» մի բացառիկ երկ է իր իրապատում պատկերներով և այն բանի դասական օրինակը, թե ինչպես կարելի է իրական մարդկանց, վայրերի հաճախ գրեթե արձանագրական թվարկումների մեջ արվեստի ոգի դնել։

«Կյորեսում», անշուշտ, գրողը նաև մի քանի դեպքում «միացյալ» կամ հավաքական կերպարներ է ստեղծել, այսինքն՝ իր դրական հերոսի մեջ նկատի է ունեցել երկու և ավելի իրական մարդկանց հատկանիշներ և որևէ անունով է կնքել նրան։ Օրինակ, այդպիսի կերպար է Աթա ապերը: Այս անունով և նույն բնույթի է նաև «Եղբայրության