Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխավոր կերպարը (տե՛ս Երկերի այս հրատ․ 2—րդ հատորում)։ Այս կերպարի մեջ որոշ գծեր կան Բակունցի՝ մոր կողմից պապ Հարություն Խուրշուդյանից, բայց և կան գծեր, որոնք հատուկ չեն եղել պապին։ Աթա ապեր կա նաև «Զանգեզուր» բեմագրում, որ բոլորովին այլ բնույթ է ստացել՝ հարմարեցված բեմագրի բովանդակությանը։

«Կյորեսում» ներկայացված երգ հնարող Անդրիին բնութագրելիս՝ գրողն, ըստ երևույթին, զգալապես նկատի է առել Երիշենի ջրաղացպան Օրդյան Անդրիին (տե՛ս «Կարմրաքար» վեպի ծանոթագրությունները)։

Որպես փաստականի գեղարվեստական մշակման նմուշ կարելի է բերել երեխաների «մահալակռվի» պատկերումը «Կյորեսում»։ Կյորես գյուղի ցնցոտիավոր, ոտաբոբիկ երեխաները գետի մոտ կռիվներ են անում Գորիս քաղաքի «պալտոնավորների» զավակների՝ «ռուսաց շկոլ» գնացողների կամ գիմնազիստների հետ։ Պարզվում է, որ այդպիսի կռիվներ, իրոք, եղել են, նրանց մասնակիցներից մինչև 1960—ական թվականները կարելի էր հանդիպել Գորիսում։ Սակայն տարեց ականատեսները պատմում էին, որ կռիվներ տեղի են ունեցել նաև բուն Շենի (Կյորեսի) առանձին թաղերի երեխաների միջև։ Այս վերջինի մասին Բակունցը լռություն է պահպանում, քանի որ «Կյորեսի» գլխավոր մտահղացումն արտահայտելու գործին այդպիսի՝ միջկյորեսյան կռիվների նկարագրությունը կխանգարեր։ Հեղինակին պետք էր ամեն կերպ սրել հին գյուղական Կյորեսի և նոր քաղքենիական Գորիսի հակադրությունը, համակրանք առաջացնել Կյորեսի նկատմամբ և ցավ՝ նրա մահացման համար։ Պատկերելով Կյորեսի և Գորիսի երեխաների կռիվները, որոնք տեղի են ունեցել Բակունցի մանկության օրերին, և լռելով Կյորեսի միջթաղային կռիվների մասին, գրողը վարպետորեն խորացրել է վերոհիշյալ հակադրությունը։

«Կյորեսում» թեև կան պատմական հետադարձ հայացքներ, բայց ամբողջական նըկարագրությունը վերաբերում է 1900—1910—ական թվականներին, երբ հինավուրց Շենը դեռևս պահպանվում էր որպես գյուղական հատված, բայց շատ կողմերով կախման մեջ էր նորակառույց «շհարից»՝ քաղաքից, որը Արցախ—Սյունիք ընդարձակ շրջանում վաճառաշատ երկրորդ քաղաքն էր դառնում Շուշիից հետո։

Շենի գյուղացիները քաղաքից կախման մեջ էին ոչ միայն վարչական տեսակետից (վարչական բոլոր հիմնարկները քաղաքում էին), այլև տնտեսական, քանի որ անհրաժեշտ ապրանքները գնում էին քաղաքի «մաղազաներից» (խանութներից), նրանցից ոմանք աշխատում էին քաղաքի բեյերի և վաճառականների մոտ, պարտք էին անում քաղաքի վաշխառուներից ու վաճառականներից և այլն։

Շենը քայքայվում էր։ Գյուղական ծանր աշխատանքից շատերն էին փախչում հեռավոր քաղաքներ՝ Բաքու, Սամարաղանդ և Միջին Ասիայի այլ բնակավայրեր, շատերն էլ փոխադրվում էին Գորիսի «շհարը», փորձում զբաղվել առևտրով։ Այս վերջիններից էր Բակունցի հոր՝ Ստեփան Թևոսյանի ընտանիքը, որը 1895 թ. Շենից փոխադրվել է քաղաք, և ծագումով ու արմատներով գյուղացի Ստեփանը բախտը փորձել է առևտրի ու նավթ արդյունահանման (Բաքվում) բնագավառում ու ձախողվել։ Ա. Բակունցը ծնվել է քաղաքում, ընտանիքի այդտեղ հաստատվելուց չորս տարի անց, բայց ինչպես վկայում են գրողի զանգեզուրյան բոլոր երկերը, այդ թվում «Կյորեսը», նրան հարազատ էր մնում գյուղը, տվյալ դեպքում իր պապերի բնակավայր Շենը, պատկերավոր ասած՝ Ա. Բակունցի սիրտը մնացել էր Շենում, թեև ինքը քաղաքում էր ծնվել ու բնակվել։

Ըստ էության, Գորիսի իրական Շենը և քաղաքը գրողի համար մի տեսակ նախակերպարներ են եղել, որոնք նրա գրչի տակ գրական կերպարներ են դարձել՝ Կյորես և